Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/376

Այս էջը հաստատված է

Որ հոժար սըրտով քո կյանքը մատաղ
Ուխտել ես[1] գազան մարդի փրկության,
[Ծերիս] օրհնանքն էլ թող լինի քեզ հետ,
Հարեհաս լինի նեղության օրում,
Բարով դու հասնես վայրն երանավետ,
Ուր որ հազարան բլբուլն է տիրում[2]։
Լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ,
Դևեր, հրեշներ դառնան անվընաս,
< ․ ․ ․ ․ ․ ․ ․ > մեջք լինի քաջիդ,
Կասկած ու երկյուղ երբեք չիմանաս։


Օրհնում է ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի կախարդական աշխարհքը։

Գնում է Արեգը, գնում, ընկնում է մի աշխարհք, երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, խոտը սև, ծաղիկը սև։ Մութն ու մռայլք անեծքի ու մահվան աշխարհքը, որ կա։ Ոչ շան հաչոց Է լսվում, ոչ աքաղաղի ձեն։

Առաջ Է գնում[3].

Դեմը բարձրանում Է մի սև ու մռայլ ամրոց, ու ամրոցից մի տխուր, քնքույշ ձեն Է գալիս։

Վերև Է նայում, տեսնում Է մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն Է տալիս[4].

Աղջիկը

Ափսոս, կըտրիճ, ախ, ուր եկար
Էս աշխարհքը սև ու մութ,
Ո՞ր անօրենն, ո՞ր թշնամին[5]
Տվեց արդյոք քեզ խորհուրդ։
Փախիր շուտով, անահ տղա,
Թե չէ՝ էստեղ որ մընաս,
Սև [մարդակեր] դևը կըգա
Այժըմ կանի քեզ մաս-մաս[6]։

  1. բերում ես
  2. խաս հավքն է տիրում
  3. գնաց
  4. կանչում է
  5. Ո՞ր անօրեն մարդը արդյոք
  6. Այս ութնյակի դիմաց, աջ լուսանցքում՝ «արձակ»։ Այստեղ և հաջորդ էջերում մի քանի անգամ կրկնվող այդ նշումը խոսում է համապատասխան չափածո տողերը արձակ շարադրանքի վերածելու մտադրության մասին։