Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/378

Այս էջը հաստատված է

Ինչ սև հրեշ կուզի գա։
Ու կըմեռնեմ էստեղ ես էլ,
Որ էլ չապրեմ էս օրից,
Կամ կըփրկեմ ինձ հետ քեզ էլ
էս սև ու մութ աշխարհից։
Մենակ[1] ասա, թե ո՞ր ճամփով,
Ո՞ր կողմից է նա գալու,
Ո՞րտեղ եմ իմ սուր նետերով[2]
Նրա կյանքին վերջ տալու։

Աղջիկը

Ահա էն սև սարի տակից
Նա կերևա ահավոր,
Նրա ձենից, բերնի հուրքից
Սասանում են սար ու ձոր։
Յոթը ագահ գլուխ ունի,
Միջի գլխին պիտ զարկես,
Ու հարվածըդ չես կըրկընիլ,
Ինքն էլ խնդրի թեկուզ քեզ։
Լսի՛ր, լսի՛ր, գալիս է նա,
Մահ է բերում < ․ ․ ․ >
Գնա՛, հերոս, իսկ ես ահա
Աղոթում եմ քեզ համար։

(էսպես խրատեց աղջիկն, ու Արեգը գնաց)

Սև աշխարհքը էլ ավելի
Մութը կոխեց ակնակիր,
Դևի ձենից զարհուրելի
Դողաց գետինք[3] ու երկիր։
Եկավ Սև դևն, ինչպես սև ամպ,
Հուր ու կրակ շաղ տալով,
Եկավ անհուն կատաղությամբ,
Ինչպես պրծած անզուսպ ծով[4]։

  1. միայն դու
  2. Ու որտեղ եմ իմ նետերով
  3. երկինք
  4. Այս ութնյակի, ինչպես նաև հաջորդ չափածո տողերի դիմաց (մինչև «Սև աշխարհքի եզերքին» տողը) չորս անգամ կա «արձակ» նշումը։