Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/381

Այս էջը հաստատված է

Վախվախելով էս ու էն կողմից դուրս <են> գալիս դալուկ ու նիհար մարդիկ։

— Ինչո՞ւ եք էդպես, ո՛վ մարդիկ, ի՞նչ է ձեր ցավը, ո՞վ է ձեզ էդպես արել։

— Երկաթի բազուկը, անիրավ Երկաթի բազուկը,— սարսափած շշնջում են մարդիկը։

— Ո՞վ է Երկաթի բազուկը։

— Դա մի հրեշ է, մի երկաթի բազուկ, որ ամեն անգամ դուրս <է> գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում — ավերում մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը, ջնջում մեզանից նրանց, որ առաջն են ընկնում։ Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց կլանելով ու ավերելով․․․

— էդպե՞ս։ Դե ինձ առաջնորդեցեք ձեր թագավորի մոտ,— խնդրեց Արեգը։

Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ։ Թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ նստած էր իր գահի վրա, շուրջը[1] կանգնած իր մոլոր, հուսահատ նազիր-վեզիրները (պալատականները)։

[Արեգը] ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց ու վրա երեքը կանգնեց[2], հայտնեց, որ ինքը գնում է Հազարան Բըլբուլի ետևից, լսեց էս երկրի դժբախտությունը, եկել է Երկաթի բազուկը խորտակելու, երկիրն ազատելու սովամահից ու ավերածությունից։ Միայն թե նրանք էլ իրեն օգնեն Հազարան բըլբուլը գտնելու։

— Մեղք ես, ա՛յ որդի,— ասավ թագավորը,— դրան ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը, գլուխդ զուր տեղը փորձանքի կտաս։

— Ո՛չ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ— կըտեսնեք. դուք միայն ինձ համար Հազարան բըլբուլը գտնեք։

Թագավորը հոժար կացավ[3] էս պայմանին, նավ պատրաստեցին Արեգի համար, մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը։

  1. շուրջն էլ
  2. ձեռքը կրծքին դրեց կանգնեց
  3. համաձայ<նեց>