Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մըթնեց[1], ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին ու զարհուրելի շառաչյունով ծովի միջից հայտնվեց Երկաթի բազուկը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափըշտակի։
Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթի բազուկն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով խորտակվեց ու ընկղմվեց ջրի տակը։ Դրա հետ միասին ալիքների միջից[2] դուրս թռավ մի թռչուն, որ մի մատանի գցեց Արեգի ոտի տակն ու ծլվլաց։
— (Ծովերի) ոգիների թագավորի աղջիկն եմ ես, (Մշտադալար այգիների տիրոջ)։ Չար դևը հափշտակել էր ինձ[3] ու պահում էր գերության մեջ։ Դու խորտակեցիր Երկաթի բազուկը, որի մեջ թաքնված էր նրա ոգին, ու ինձ ազատեցիր [տանջանքից][4]։ [Ա՜խ,] երանի թե երբևիցե ընկնեիր մեր Մշտադալար այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի:
էսպես ծլվլաց ու զվարթ երգելով անհետացավ կապուտակ մթնոլորտում, գնաց։
Կարմիր աշխարհքի թագավորը իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկ փռելով, թանկագին պարգևներով ընդունեցին իրենց քաղաքը։ Ապա թե թագավորը հայտնեց, կանչեց իր երկրի բոլոր որսկաններին ու աշխարհք տեսած մարդկանց, ոչ ոք չկարողացավ իմանա Հազարան Բըլբուլի տեղը։
Բայց դրա փոխարեն— թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, առաջարկեց Արեգը մնա իրենց քաղաքում, իր մահից հետո իր գահին նստի ու իր տեղը թագավոր լինի[5]։
— Ոչ, թագավորն ապրած կենա,— պատասխանեց Արեգը։— Ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի ետևից։ Ես պետք է գտնեմ Հազարան Բլբուլը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ։