էստեղից էլ հեռացավ Արեգը (գնաց դաշտը, կրակեց Դևի մազը թե չէ՝ երկիրը թնդաց, ժաժ եկավ ու զարհուրելի Դևը հայտնվեց, ընկավ Արեգի ոտի տակը։
— Հը՛, թագավորի տղա, հափշտակեմ֊ուտեմ < . . . >
— Ո՛չ կեր, ո՛չ լափի, ինձ վերցրու տար...) ու շարունակեց իր ճանապարհը։
Շատ տարավ, քիչ տարավ, տարավ մի աշխարհք[1]— երկինքը սիպտակ, գետինքը սիպտակ, հողը սիպտակ, ջուրը սիպտակ, խոտը սիպտակ, ծաղիկը սիպտակ։
Տարավ մի սիպտակ քաղաքի մոտ իջեցրեց։ Առաջ գնաց Արեգը, գնաց տեսավ քաղաքի առջև ժողովուրդ հավաքված, բոլորը սիպտակ սուգի շոր մտած[2], իրենց սիպտակած, ալևոր թագավորը քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած կանչում է.
— Դուրս թող իմ աղջիկս, անիրավ, արձակիր իմ աղջիկս, անգութ։ Բաց թող, ետ տուր իմ ծերության խնդությունը, իմ աչքի լույսը, իմ կյանքի հույսը...
Իսկ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում, ու բարձր հռհռոց է լսվում։
— Էս ի՞նչ է նշանակում,— հարցրեց Արեգը մի ծեր մարդու[3]։—Ինչո՞ւ եք ամենքդ սուգ մտած, ի՞նչ է կանչում թագավորը, և ո՞վ է, որ քարայրից հռհռում է նրա անզոր կանչի վրա․․․ Ի՞նչ է նշանակում էս ամենը․․․
— Էն սարի մեջ, էն մութ քարայրում բուն է դրած սարսափելի վիշապը (Քավթառ քուրսին), որ հափշտակել է մեր թագավորի միակ աղջկանը— գեղեցիկ Ծաղիկին, ու տարել իր մոտ։ Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացավ ազատի, բոլորն էլ գնացին ու ետ չեկան, բոլորն էլ իզուր զոհ գնացին թագավորի գեղեցիկ աղջկանը, ոչինչ չկարացին անեն։ Այժմ ծերունի թագավորը հուսահատված կանչում է վիշապի քարանձավի դիմաց, իսկ նա հռհռում է ծերունի թագավորի ու հոր անզորության վրա։