Էսպես պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցավ, երեք անգամ գլուխ տվեց թագավորին, վրա երրորդն ասավ.
— Թագավորն ապրած կենա, իրավունք տուր ինձ գնամ սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկանը
— Մեղք ես, ա՛յ որդի,– ասավ դժբախտ թագավորը,– շատ քեզ նման կտրիճներ ու շատ զորքեր եմ ուղարկել, ամենքը ջարդվել, ջնջվել են։ Անիրավը քարանձավից հուր ու բոց է ժայթքում, ամենքին հող ու մոխիր է կտրեցնում։
— Ես կազատեմ քո աղջկանը,— կրկնեց Արեգը։
— Եթե իմ աղջկանն ազատես, իմ աղջիկն էլ քեզ, իմ թագավորությունն էլ,— կանչեց թագավորը։
— Ո՛չ, ես ո՛չ կին եմ ուզում, ո՛չ թագավորություն,— պատասխանեց Արեգը։— Ես նպատակ ունեմ[1], իմ նպատակի ետևից եմ գնում։ Ես պետք է գտնեմ Հազարան Բըլբուլը տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ։ Ես շատ շնորհակալ կլինեի, եթե փոխարենը դուք էլ ցույց տայիք ինձ, թե որտեղ է գտնվում Հազարան Բըլբուլը ու օգնեիք, որ գտնեմ։
— Իմ թագավորության մեջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ թռչունների լեզուն հասկանում են, նրանք կգըտնեն— ինչ թռչուն էլ կամենաս, ասավ թագավորն ու Արեգը գնաց դեպի վիշապի քարանձավը։
Անց կացավ իրեն<ի>ց առաջ գնացածների մոխրի միջից, մոտեցավ քարանձավի դռանը, և ահա հանկարծ մի խուլ որոտի հետ միաժամանակ դուրս ժայթքեց հուրը[2] հրեղեն շնչի հետ։ Բայց Արեգը անահ մտավ կրակի մեջ ու առաջ անցավ (աղոթ գիտեր — թալիսման ևն), մտավ ներս։ Ներս մտավ, տեսավ քարանձավի մթնում կուտակված մի այլանդակ պառավ, քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերև են բարձրացել, խռիվ մազերը ցից-ցից— անտառի նման, մի հատ աչքը կրակի նման վառվում է ճակատին, իսկ բերանից հուր ու կրակ դուրս հոսում։
Արեգին տեսավ թե չէ՝ գոչեց[3].