Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/399

Այս էջը հաստատված է

Այս քաղաքում մի պառավ կին է լինում, ունենում է մի մինուճար որդի։ Օրվան մի օրը որդին հիվանդանում է, ու սիրտը խաղող է ուզում։

— Նանի՛, ինչ կլինի ինձ համար խաղող ճարես,— թախանձում է մորը։

Պառավը վեր է կենում, գնում այգու դուռը, կանչում՝ այգեպա՛ն, այգեպա՛ն։ Այգեպանը գալիս, է, թե՝ ի՞նչ ես ուզում, ա՛յ նանի։ Թե՝ հիվանդ ունեմ, սրտով խաղող է ուզում, աստըծու սիրուն, մի քանի ճիթ խաղող տուր։ Այգեպանը այգին ջրելիս է լինում, շտապով գնում է մի երկու ճիթ խաղող պոկում, բերում թե՝ էս տար, հետո կգաս շատ կտանես։

Հիվանդն էդ խաղողն ուտում է, պրծնում ու ետ դառնում մորը թե՝ նանի՛, կշտացա ոչ, գնա մի քիչ էլ բեր։ Պառավը գնում է տեսնում, որ այգեպանը այգու դուռը փակել է (ինքը գնացել ուրիշ տեղ)։ Ետ դատարկ տուն է գալիս, թե՝ ա՛յ որդի, այգու դուռը փակած էր, խաղող չեղավ։ Հիվանդ որդին անդադար խաղող է ուզում և այդ գիշեր էլ խաղող կանչելով մեռնում։ Առավոտը պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում, կանչում.

Արարիչ գթած,
Որ չափ չես դրել արևի լույսին,
Ոչ փակ՝ երկնքի պայծառ երեսին,
Ու աշխարհքն անծայր, ծովերը անհուն,
Ու էսքան բարիք, էսքան բարություն
Լցրել, ղրկել ես, փռել անխնա,
Որ ամեն մի շունչ ուտի, լիանա,
< ....... > պառավիս կոծին ու սուգին,
< ....... > ձենին, իմ արտասուքին.
Ինչպես իմ որդին ծաղիկ հասակում
Խաղող կանչելով մեռավ իմ գոգում,
Այնպես էլ, ո՛վ տեր, թող թագավորի
Այգին չորանա, անապատ կտրի,
Ծառը փուշ դառնա, էլ ոչ կանաչի,
Տերը, էրվելով, վա՜յ պտուղ կանչի։