Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/401

Այս էջը հաստատված է

ընկավ ականջովը։ Աչքը բաց արավ, տեսավ, որ մի օձ փաթաթվել է ծառին, ուզում է բարձրանա վերև, վերևն էլ ղշի (թռչունի) ճուտեր կան, ճվճվում, ծվծվում են։ Թագավորի տղեն նետ ու աղեղը քաշեց, տվեց օձին կտոր-կտոր արավ, ծառի տակին կիտեց ու ինքը քնեց։ Դու մի ասիլ էդ Զմրուտ ղուշի բունն է, որ ամեն տարի ճուտ է հանում ու կարոտ է մնում, թե մի հասցնի, թռցնի, վիշապ օձը գալիս է, ուտում։ Ինքը մնում է կարոտ։ Էս անգամ Զմրուտ ղուշն եկավ, տեսավ ծառի տակին մի սև բան մեկնված, թևին արավ, վրա տվեց, որ կտոր-կտոր, ծվիկ֊ծվիկ անի, թե՝ էս հենց իմ թշնամին է. որ գտա, բայց ճուտերը ծվծվոցն ընկան, թե՝ ա՛յ մեր, էդ տղին սպանիլ մի, մի էն կողմը, ծառի տակին մտիկ տուր, էն է մեր թշնամին, դա նետ ու աղեղով սպանեց, կտոր֊կտոր արավ, ծառի տակին կիտեց, դա մեր փրկիչն է, դրանից ձեռք քաշիր։ Զմրուտ ղուշն էս որ լսեց, մոտեցավ, տեսավ թագավորի տղեն քնել է ու քրտնել է արևի թեժությունից։ Թևը տարածեց, թևով շվաք արավ տղի վրա, մինչև նա քնեց, քնից կշտացավ ու զարթնեց։ Որ զարթնեց ու իրան վրա թևատարած Զմրուտ ղուշին տեսավ, սարսափեց։ Զմրուտ ղուշը թե՝ մի՛ վախենար, քաջ տղա։ Ես ամեն տարի ճուտ էի հանում ու կարոտ էի մնում, որ նրանց տեսնեմ թևատարած թռչելիս, սա գալիս էր, ուտում ու գնում։ Հիմի դու, որ սրան սպանել ես, ասա, տեսնեմ՝ ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ, քո լավությունը ետ վճարեմ։ Տղեն թե՝ ես ինքս թագավորի տղա եմ, ոչ մի բանի կարոտություն չունեմ, միայն էսպես մի այգի շինեցինք, ու աշխատանքներս չորացավ։ Հիմի ես Հազարան բլբյուլին եմ ման գալիս, տանենք բարիլուսին երեք անգամ այգումը ձեն ածի, որ չորացած այգին նորից կանաչի, բար ու պտուղ տա։ Սա թե՝ ա՛յ տղա, շատ դժվար բան ասացիր, միայն ինչ անեմ, դու ինձ էնպես լավություն ես արել, որ ինչ էլ որ լինի պետք է քո ուզելիքը կատարեմ։ Դե արի, թևերիս վրա նստիր։ Ես քեզ այնքան կբարձրացնեմ, որ արևը քեզ կայրի, կհեռացնեմ, երբ որ տեսնես այրվում ես, այնքան ուժ ունեցիր, որ ինձ խփես, ես քեզ կիջեցնեմ։ Ու թևն առավ Զմրուտ ղուշը, ծվաց, թռավ, ելավ երկնքի երեսը։ Գնա՜ց-գնա՜ց