Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/406

Այս էջը հաստատված է

Եվ հայտնում է, որ այն էլ յուր համբույրի տեղն է (երեսն այնքան քնքուշ էր, որ համբույրի տեղը մնաց)։ Իսկույն իմացավ, որ սա ինքն է Հազարան բյուլբյուլի բերողը։— Ա՛յ տղա,— ասավ,— ղուշն իրան թևով, օձն իրան պորտովը չեն կարող էնտեղ գալ, ամենքն իրանց սահմանն ունեն, ի՞նչպես ես դու չորս սահման անց կացել, հասել ինձ մոտ։ Թե՝ դե բերողը ես եմ, ինչպես բերել եմ, բերել եմ։ Հիմի ինչ կուզես արա, միայն էս զորքը հեռացրու քաղաքից: Աղջեկը թե՝ ես քու մեղքը կթողնեմ, քեզ կներեմ ու զորքն էլ քաղաքից ետ կքաշեմ, եթե դու լուր բերես, թե Սինամը Գյուլին ինչ արավ, Գյուլը Սինամին ինչ արավ. դու Հազարան բյուլբյուլը բերիր, կարող ես այս էլ բերել։ Թե բերիր, բերիր, թե չէ քեզ կտոր-կտոր եմ անելու, ձեր քաղաքն էլ ջուր եմ շինելու։


2. ՍԻՆԱՄ ԹԱԳԱՎՈՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Վարդը սրտում, դարդը սրտում

Վեր կացավ Շնորհքը, գնաց Զմրուտ ղուշի մոտ։ Պատմեց թե՝ Հազարաձայն սոխակի տերն եկել է, տեղս նեղել, ինձ պայման է առաջարկել մի լուր բերել, թե Սինամը Գյուլին ինչ արավ, Գյուլը Սինամին ինչ արավ, եթե ոչ սպառնում է քաղաքը կործանել։

— Արի թևս,— ասաց Զմրուտ ղուշը։ Եվ թռցրեց, բարձրացրեց մինչև արևը ու իջավ Սինամ թագավորի տերության մեջ։

Այստեղ արձակեց Շնորհքին, միայն իր փետուրներից մեկը տվեց և պատվիրեց, թե՝ երբ որ նեղության մեջ կլինես, կրակ տուր, ես իսկույն օգնության կհասնեմ։

Շնորհքը դերվիշի շորով մտավ Սինամ թագավորի մայրաքաղաքը։ Իմացավ, որ ամեն մի աղքատ կամ օտարական թագավորի հյուրն է, ինքն էլ գնաց պալատը։ Պալատականները եկան ողջունեցին ծպտյալ թագավորի որդուն, տարան մի շքեղ կահավորված ապարանք, լի ամեն տեսակ բարություններով ու հարմարություններով, և բազմաթիվ ծառաներ պատրաստ կանգնեցին նրան ծառայելու։ Համադամ կերակուրներ