— Այնտեղ ես դու, ուր հողեղենի ոտքը երբեք չի դիպել, բայց դու, որ պատահմունքով ընկել ես այստեղ, նստիր այնտեղ, թող ես հանգչեմ քո գրկում, միայն լսիր՝ հրապույրքից չհաղթվես և համբուրես ինձ, թե չէ հետո շատ կզղջաս։
Եվ այս երրորդը այնքան գերազանց էր, ազնիվ ու առավել, որ այն երկու փորձից հետո մոռացա խոստումս ես պահել։
— Այժմ գնա, հեգ հողեղեն, ու տառապիր կարոտից։
Այսպես կանչեց նա էլ հանկարծ ու չքացավ իմ մոտից։
Երջանկության րոպեի տեղ մեծ վիշտ իջավ ինձ վրա։
Օրը արդեն տարաժամել, մոտ էր արևն իր մուտին,
Դրախտի ձայներն ցնծում էին երեկոյան մեղեդին։
Ես մնացի մենակ կանգնած, միտք եմ անում դառնացած,
Ի՜նչ կորցրի իմ թուլությամբ, մի վաղանցուկ համբույրով։
Առաջ եմ գնում.
Կախարդական տեսարաններ նորանոր,
Մեկը մյուսից սքանչելի, մեկ մյուսից փառավոր։
Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպում էլ նրանցից ոչ մեկին,
Անհուն ցավով ու կարոտով տառապում է իմ հոգին։
Հանկարծ եթերային, երկնանման ապարանք։
Գուցե այստեղ, ասում եմ ես, կհանդիպեն ինձ նրանք։
Սիրտ եմ անում, ներս եմ մտնում, ոչ ոք էլ չկա։
Ձայն եմ տալիս— թնդում է դատարկ ապարանքը ահավոր։
Հանկարծ մի ձայն թունդ հորդում է՝ քյավթառ, արի սրան տար։
Ու մթնեցին իմ աչքերը, կորավ շուրջս ինչ որ կար։
Սրտակոտոր, գլխաքարշ ետ դարձա եկած ճամփովս և չեմ հիշում՝ ինչպես դուրս եկա այգուց, ինչպես կրկին ընկա այստեղ, միայն գիտեմ այնտեղ թողի ուշքս, միտքս ու հոգիս։ Մեկ էլ տեսա կրկին կանգնած եմ մինարեի գլխին, կրկին այս կեղտոտ քաղաքում, շուրջս ամբոխն այս տգեղ, այս կոպիտ։
Այն օրվանից ուրախ-ուրախ ես դիմում եմ մինարեն, հուսով լիքը բարձրանում, երգում եմ, միշտ ավելի ու ավելի