Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/417

Այս էջը հաստատված է

ասաց Սինամ թագավորը։— Հիմա իմանում եմ, որ մենակ ես չեմ վշտի տեր, ինձ նման ուրիշն էլ կա։ Եվ ով գիտի, գուցե նրա վիշտը մեծ է իմից։ Ես քեզ խոստացա, որ նրա գաղտնիքը իմանալուց հետո իմն էլ պատմեմ, բայց այժմ ներողություն պետք է խնդրեմ, որ չեմ կարող։ Ես թեև խոստացա, միայն նրա համար, որ հույս չունեի, թե կարողանայիր երգչի գաղտնիքն իմանալ, ուզեցի այդ ձևով մերժել։ Այժմ արի գոհ եղիր քո իմացածով, քո ճանապարհը գնա։

— Տեր,— ասաց Շնորհքը,— ես քո գաղտնիքն իմանալու այնքան բուռն ցանկություն ունեմ, որ այս ահագին ճանապարհորդության դժվարությունները ես ոչինչ եմ համարում։ Ուխտ ունեմ, մի ճար գտնելու ձեր վշտին։

— Դու քաջ ու բարեսիրտ մարդ ես, ո՛վ պանդուխտ,— ասաց Սինամը,— և շատ հաճելի ես իմ սրտին, դրա համար էլ չեմ ուզում քեզ իմ գաղտնիքը պատմել։ Ով որ իմ գաղտնիքը իմանա, պետք է կամ մի ճար անի իմ ցավին, կամ գլուխը պետք է տա, որ իմ գաղտնիքը չտարածվի։ Ասաց ու տարավ պալատի լուսամուտից ցույց տվեց մի բուրգ.— Ահա այն բլուրը ամբողջ կազմված է այն խիզախների գանգերից, որոնք իմ գաղտնիքն իմացան և չկարողացան մի ճար անել։ Եկ դու մեղք արի մեզ, ինձ մի ձգիր նոր արյունի տակ, քո կարմիր արևն էլ սևացնի։ Ջահել արևդ, դու էլ խեղճ․․․

— Ո՛չ, տեր արքա, ես հաստատ եմ իմ պայմանին և աղաչում եմ, որ ձեր զաղտնիքը պատմեք։ Եթե կարողացա ճար անել ձեր ցավին, բախտավոր կլինեմ, ինչո՞ւ պետք է ապրի անշահ ու անհանճար գլուխը, որ չի կարող օգնել մարդկանց վշտին։ Իմ գլուխը քեզ է պատկանում, թող քո գաղտնիքը դուրս չգա քո շեմից։

— Այդ պայմանով կարելի է,— ասաց Սինամ թագավորը, հրամայեց, որ դահիճը տապարը սրի, և մեկ էլ դիմեց Շնորհքին։

— Մեկ էլ եմ քեզ զգուշացնում, որ ետ կենաս քո համառ ցանկությունից։ Հիշի՛ր, գուցե սրտակից մեկն ունես, քեզնից հեռու կարոտ ծնողներ ունես աչքները քո ճամփին, հայրենիք ունես կամ մի թանկագին նպատակ։ Հիշի՛ր, որ այդ բոլորը