Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/418

Այս էջը հաստատված է

կկորցնես քո անհամբերությունից և հետաքրքրությունից, ինչպես երգիչը զրկվեց դրախտից։

— Դատարկ հետաքրքրությունը ինձ չի այստեղ բերել, մեծ թագավոր, և իմ բոլոր կարոտներն ու նպատակները այն է, որ քո գաղտնիքն իմանամ, իսկ նրանից հետո...

— Դե, ես անպարտ եմ, գոչեց արքան,— ահա պատմեմ գաղտնիքը իմ կյանքի, լավ ականջ դիր, որ էլ չես լսելու, պրծա թե չէ․․․ դահիճ, սրիր քո տապարը, է՜յ, ծառաներ․․․

Վեր բերին մի ոսկե վանդակ մեջը մի սև ագռավ։ Ցույց տվեց Շնորհքին ու հարցրեց.

— Տեսնո՞ւմ ես այս ագռավը։

— Տեսնում եմ։

— Սա իմ կինն է,— ասաց թագավորն ու ագռավին հարցրեց.– ճի՞շտ է, Ալվարդ։

— Ղա՜,— կռավեց ագռավը։

— Ես գեղեցի՞կ եմ, թե չէ,— կրկին հարցրեց թագավորը։

Թե.

— Քեզ նման գեղեցիկ տղամարդ տեսած չեմ իմ կյանքում։

— Իսկ սրանից 40 տարի առաջ ի՞նչ կլինեի։

— Իհարկե, ավելի գեղեցիկ ու հրապուրիչ։

Կրկին թագավորը հրամայեց։ Ծառաները բերին մի այլանդակ արաբի գլուխ։

— Այս էլ իմ կնկա սիրեկանի գլուխն է,— ասաց թագավորը և դարձավ ագռավին.— ճի՞շտ է, Ալվարդ։

— Ղա՜,— կռավեց ագռավը։

— Դե, այժմ լսիր,— ասաց թագավորը ու այսպես սկսեց իր պատմությունը։

— Բախտը ծառայում էր ինձ և երջանկությունը սեղանակից էր ինձ հետ։ Իմ իմաստության համբավը անց էր կացել ծովերից դենը։ Բայց բոլոր փառքերից ու մեծություններից թանկագինը իմ սերն էր։ Նա իմ թագուհին, իմ սիրտը նրա գահն էր, իմ իշխանը նրա գեղեցկության հրապուրանքն էր, իմ կամքը նրա հաճույքներն էին, իմ ուրախությունը նրա ժպիտն էր և իմ հոգու պայծառ խաղաղությունը՝ նրա անձնվեր հավատարմությունը։ Բայց գուցե դու զղջացե՞լ ես, ես կթողնեմ իմ պատմությունը։