Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/419

Այս էջը հաստատված է

— Ո՛չ, տեր արքա, ես լսում եմ։

— Մի գիշեր, գիշերվա մի ժամին տեսա, իր մարմինը շատ սառն էր։ Ոչ մի կասկած չտարա, ծածկեցի վերմակով։ Մի ուրիշ գիշեր զարթնեցի, տեսա դարձյալ սառն էր։ Այս ինչիցն է, սկսեցի մտածել, ինչու է նրա մարմինը սառը այս տաք պալատում։ Այդ հարցը իմ քունը կտրեց, սկսեցի մտատանջվել։ Մի գիշեր էլ, գիշերվա մի պահին ննջարանի լռության մեջ մի զգույշ շրշյուն լսեցի։ Վերմակի տակից նայեցի, տեսա թագուհին հագնվում էր։ Կասկածը սիրտս մտավ։ Մի՞թե կարող է պատահել, որ իմ կինը մի վատ ընթացքի մեջ լինի ծածուկ․․․ մի՞թե սուտ է եղել իմ երջանկությունը․․․ մի՞թե հիմա պետք է ամեն բան վերջանա ինձ համար․․․ մտածում էի ու նայում։

Նա հագնվեց, պճեղների ծայրին ման գալով մոտեցավ իմ մահճին և կամաց կորանալով ականջ դրեց իմ շնչառությանը։ Ես ինձ քնած ձևացրի, սկսեցի թեթև խռմփացնել (նա կրծքից մի հուլունք դրեց, զգացի, որ մրափն ինձ կոխում է, վերցրի ձեռքումս պահեցի)։— Քնած է,— շշնջաց նա և դուրս եկավ։ Ես գաղտնի հետևեցի։ Նա դուրս եկավ դուռը, ձիապան կանչեց։ Ձիապանը առաջ եկավ, թե՝ պատրա՞ստ է ամեն բան։

Առ քո վարձը, տվեց ձիապանին մի համբույր,
Նստեց ձիուն ու չքացավ գիշերվա մեջ սևաթույր։
Պալատն հանկարծ դժոխք դարձավ, ասես ինձ կուլ էր տալիս։
Եվ սոսկացի նրա դատարկ անկողինին նայելիս։

— Ո՛վ, հրեշ կին, մի՞թե ես խաբված եմ եղել միշտ, միթե դու վաղուց մեռած ես եղել, իմ աննման թագուհի, իմ անուշ Ալվարդ, մի՞թե ես երջանիկ չեմ եղել երբեք․․․

Էլ ո՞ւմ աչքին քուն կգար, մերթ պալատում թափառելով, մերթ անկողնում գալարվելով ու հառաչելով սպասեցի, ամբողջ գիշերը սպասեցի։ Լուսադեմին, նախասենյակներում լսեցի թեթև ոտնաձայնը։ Սկսեցի հանգիստ խռմփացնել։ Նա դուռը կամաց բաց արավ, զգույշ անցավ, շորերը հանեց, պառկեց անկողնում։ Բայց ես նկատեցի, որ նրա մազերը