Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/426

Այս էջը հաստատված է

Իսկույն դարձա առաջվա Սինամ թագավորը, իմ հին, հավատարիմ աղախնի վզովն ընկա, ասացի․— Այսուհետև իմ մայրն ես դու, դե այժմ ինձ տուր մտրակը։ Կինս զարթնում է, տեսնում մտրակը չկա։ Դես մտրակ, դեն մտրակ։ Ման գալով դուրս եկավ, տեսավ, օհո՜, Սինամ թագավորը սև մտրակը ձեռքին, առաջը կանգնած։

— Վա՛յ, կանչեց այստեղ ոտներս ընկած,
Ներքև դու օգնիր, վերևը՝ աստված,
Մեղավոր եմ ես, պոռնիկ, սևերես,
Սխալ եմ արել, դու պետք է ներես։
Քո Ալվարդն եմ ես, ընկել եմ գետնին,
Բարձրացրու, փրկիր, մաքրիր վերստին։
Ծնկներս գրկեց,
Սաստիկ աղաչեց։
Ձեռքս բարձրացավ,
Մտրակը շաչեց.
— Ո՛վ անզգամ,
Ագռավ դառնաս
Ու հավիտյան
Ագռավ մնաս։


Եվ Ալվարդը ագռավ դարձած առաջս թըպրտում Էր— դեռ աղաչում Էր, ուզում էր խոսել, խնդրել, բայց էլ լեզու չկար, միայն կռավում Էր առանց բառերի։ Ես նայում էի իմ ստեղծածին, և վայրկենական սրտիս մեջ շարժվեց խղճահարությունը, զարթնեց հին սերս, աչքիս առաջն եկավ կանգնեց նրա առաջվան չքնաղ կերպարանքը, մեր նախկին բախտավոր կյանքը այնպիսի թարմությամբ, կարծես մեջն Էի։ Գուցե անցողական մի մոլորություն Էր այն, մի ժամանակավոր հանցանք, գուցե ճիշտ Էին նրա աղաչանքները, զղջումն ու արտասուքը․․․ Այս ի՞նչ արի ես․․․ Ահա իմ միակ սերն ու թագուհիս ագռավ դարձած առաջս թրպրտում Է— հավիտյան վերջացավ․․․ Մի դառն ապաշավ եկավ ինձ վրա, ապա սաստիկ տենչ, որ նորից նրան փոխեմ, նորից կենդանացնեմ,