Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/429

Այս էջը հաստատված է

Զմրուտ ղուշը, յուր թևից էլ մի փետուր տվեց թագավորի տղին ու ինքը թռավ, ելավ երկնքի երեսը։

Թագավորի որդին այդտեղից գնաց Սինամ թագավորի պալատը։ Ծառա մտավ ու կարճ միջոցում դարձավ թագավորի սիրելին։ Մի քանի ժամանակից հետո, մի օր դիմեց թագավորին թե՝ թագավորն ապրած կենա, ես իմացել եմ, որ քեզ պատմություն կա ու չեմ լսել, խնդրում եմ, որ ինձ պատմես։

— Մեղք ես, ա՛յ որդի,— ասաց թագավորը,— իմ պատմությունը դու մի՛ հարցնիր։ Իմ պատմությունը այնպիսի պատմություն է, որ ով որ իմացավ, իսկույն պետք է նրա գլուխը կտրել տամ, որ իմ անունն աշխարհ չընկնի։ Եթե իմ անունն աշխարհ ընկնի, ես պետք է ինձ սպանեմ։

— Իմ արյունը քեզ հալալ, իմ գլուխը կտրել տուր, միայն թե քո պատմությունը պատմիր,— թախանձեց տղան։

— Դե որ այդպես է, քո մեղքը քո վիզը։ Դե լավ, ականջ արա իմ պատմությանը, որ էլ չես լսելու, վերջացրի թե չէ, դահիճը կգա գլուխդ տալու։— Ասաց թագավորը, հրամայեց, որ դահիճը տապարը սրի, իսկ ինքն այսպես սկսեց յուր պատմությունը։

— Ես երջանիկ Սինամ թագավորն էի։ Երկու նժույգ ձի ունեի, որ աչքիս լույսի նման էի սիրում։ Այդ նժույգները օրեցօր նիհարում էին։

Մի օր պալատական արաբ եկավ, թե՝ թագավորն ապրած կենա, թող միառժամանակ էլ ես նայեմ քո նժույգներին, տեսնեմ այդ ինչ՞ցն է, որ դրանք չեն չաղանում։ Ասեցի՝ լավ, հիմի էլ դու պահիր, տեսնեմ։ Անց կացավ միառժամանակ, տեսնում եմ, որ նժույգներս դարձյալ նիհարում ու վատանում են օրեցօր։— Այս ինչպե՞ս բան է,— հարցնում եմ արաբին,— ընչի չեն իմ նժույգները գիրանում։— Թագավորն ապրած կենա, թե կամենում ես դրա պատճառն իմանալ, մի գիշեր էլ դու ձիապան դարձիր, էն ժամանակ սրա գաղտնիքը կիմանաս։— Լավ,— ասեցի,— էս գիշեր ես ձիապան կդառնամ, տեսնեմ էդ ինչ գաղտնիք է, որ մինչև էսօր ոչ ոք չիմացավ։

Տե՛ս, պատմությունս, ասում եմ, տղա՛,
Հենց որ վերջացավ, գլուխդ կտամ,