Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/431

Այս էջը հաստատված է

ու շորորալով, տարավ դրեց ավազակապետի առաջին: Ավազակապետը վեր թռավ, փաթաթվեց կնկանս, կողքին նստացրեց։ Սուփրա բաց արին, հաց կերան, խոսացին ու խնդացին, հետո լույսերը հանգցրին, ամենքը պառկոտեցին քնելու, իմ կինն ու ավազակապետն էլ միասին։ Հիմա հասկացա, թե ինչու էին իմ նժույգները նիհարում, ուրեմն ամեն գիշեր էսքան ճանապարհ գնում են— գալիս, քրտնած կանգնում են, մրսում, փչանում։ Բայց նժույգներիս վիշտը մոռացա, երբ տեսա կինս Է եղել անելիս։

Երբ որ բոլորը քնեցին, ու խռմփոցը լցվեց ներսը, թուրս հանեցի, մտա ներս։ Ներքևից սկսեցի ու մեկ֊մեկ մորթելով հասա վերև՝ ավազակապետին։ Տեսնեմ՝ կինս ու նա, իրար փաթաթված, երես֊երեսի դրած, խորը քնել են։ Թուրս քաշեցի, ավազակապետի գլուխն էլ տվի։ Տաք արյունը ցայտեց կնոջս երեսին։ Տեղից վեր թռավ, տեսավ բոլորը կոտորված, մենակ ինքն է կենդանի մնացել ու առաջն էլ ես եմ կանգնած՝ Սինամ թագավորը։

Վա՛յ կանչեց գլխին, ոտներս ընկավ,
Թե՝ իմը դու ես ու քոնը աստված,
Ես անարժան եմ, պոռնիկ, սևերես,
Ես սխալվել եմ, դու պետք է ներես։
Ես նրան ոչինչ չասացի այստեղ,
Վեր կացանք, եկանք մեր տունը կրկին․․․

Իմ պատմությունը լավ լսիր, ո՜վ քաջ,
Էլ քեղ փրկության մի դուռր չկա,
Չէ՞ որ ես քեզ ասել եմ առաջ,
Վերջացրի թե չէ, դահիճը կըգա։


Ես մի զորավոր մտրակ ունեի, ում որ զարկեի ու ինչ ուզեի էն կշինեի։ Էս դեպքից հետո, երբ որ տեսնում է գաղտնիքը բացվեց, կինս զոքանչիս հետ ծածուկ խոսքումին է անում, թե՝ արի դրա մտրակը գողանանք, զարկենք դրան, շինենք կռունկ, դաշտերը գցենք, տունն էլ մնա մեզ, թագավորությունն էլ։