Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/432

Այս էջը հաստատված է

Մի օր էլ, հրր որ ես միամիտ զբոսնում էի իմ պալատում, ինձ զարկեցին կախարդական մտրակով ու կանչեցին.

Էլ դու չլինես
Սինամ թագավոր,
Փոխվիր դու, դարձիր
Կռունկ թևավոր․․․


Իսկույն ես դարձա վայրենի կռունկ, թռա, դաշտերն ընկա, խառնվեցի կռունկների երամին, սկսեցի նրանց նման ապրել, հանդերում քնել, օձ ուտել:

Կռունկները սովորություն ունեն, որ ցերեկը հանգստանալիս կամ գիշերը քնելիս իրանցից մեկին պահապան կդնեն երամի վրա։ Մի գիշեր հերթը հասավ ինձ։ Բերին, մի ոտիս վրա կանգնացրին, քար դրին բերանս, որ քունս չտանի, արթուն կենամ, հսկեմ, որ ուրիշ գազան չգա մեջներն ընկնի։ Արի տես, որ չդիմացա, քունս տարավ, քնեցի։ Գիշերվա մի ժամանակը լսեցի, որ գազան է ընկել երամի մեջը, կռունկները կը՜ռ հա կը՜ռ խառնվել են իրար։ էն գիշեր, որը ջարդվեց, որը վիրավորվեց, որն էլ առողջ ազատվեց, փախավ, ելավ երկնքի երեսը, ցրվեցին։ Առավոտը հավաքվեցին, ման եկան ինձ գտան, թե՝ դու ինչպե՞ս պահապան եղար մեզ համար, որ գազան ընկավ մեր մեջը, մեզանից էսքան հոգի կոտորվեց։ Վրա թափեցին, կտուցներով ինձ քրքրեցին, փետրահան արին, մերկ ու տկլոր թողին մի դաշտի մեջ, իրանք թռան, գնացին։ Մնացի անթև, անփետուր, մի անծանոթ դաշտում վեր ընկած։ Ճարս կտրվեց, վեր կացա, ոտով մի կերպ եկա հասա իմ տունը։ Առավոտր կինս ու զոքանչս տեսան, որ եկել եմ, մի անկյունում կուչ եմ եկել։ Մայր ու աղջիկ իրար ձայն տվին, թե արի հիմի էլ սրան ավանակ շինենք։ Բերին, սև գավազանով զարկեցհն, թե.

Ա՛յ դու թևավոր,
Սինամ թագավոր,
Սև մտրակով
Ու < . . . > զարկով