Թագավորի տղեն մտավ այգին, Զմրուտ ղուշի փետուրը հանեց, կրակեց։ Փետուրը կրակեց թե չէ, Զմրուտ ղուշի ֆշշոցը լսվեց երկնքում։
— Ա՛յ տղա, իմացա՞ր,— հարցրեց ղուշը։
— Իմացա՛,— ասաց տղեն։
— Դե արի թևս,— ասավ ղուշն ու տղին թևն առավ, ելավ երկնքի երեսը, ագռավն էլ նրանց ետևից։ Տղեն կամեցավ ագռավին ետ տա, ղուշը թե՝ ա՛յ տղա, թող դա գա, դրանից բան չունես․․․
Էսպես Սինամ թագավորի պալատի առաջից անց կենալիս վերևից տղեն ձայն տվեց.
— Սինամ թագավոր, քո աղուհացը ինձ հալալ արա։
Թագավորը մտիկ արավ, որ տղեն երկնքի երեսին գնում է։
— Ա՛յ տղա,— ասաց,— մի՞թե դու էդ տեսակ հավատարիմ ունեիր քեզ, որ իմ պատմությունը տարար։ Դե որ իմ անունն ու պատմությունը աշխարհք ընկավ, այսուհետև իմ ապրելն էլ ավելորդ է,— ասաց Սինամ թագավորը, կախարդական մտրակը վերևից ձգեց գցեց ծովը, ինքն էլ ետևից ընկավ ծովը։
Զմրուտ ղուշը բերեց թագավորի տղին յուր հոր սահմանում վեր դրեց, ասավ.
— Դե գնա, ա՛յ տղա, ես էլ սրանից դենը չեմ կարող գալ։
Այստեղ Զմրուտ ղուշը ետ դարձավ, թագավորի տղեն՝ եկավ հոր աշխարհքը։ Եկավ տեսավ Հազարան բիլբյուլի տերը դեռ քաղաքի շուրջը բանակ զարկած նստած է։
— Հը՛, այ տղա, ի՞նչ արիր,— հարցրեց աղջիկը,— Սինամ թագավորի պատմությունը բերի՞ր, թե չէ։
— Բերի՛,— ասավ թագավորի տղեն։
— Դե արի, պատմիր տեսնեմ։
Նստեց թագավորի տղեն ու ինչ որ տեսել էր, ինչ որ լսել էր, բոլորը պատմեց աղջկանը։
— Ահա էն ագռավն էլ հետս եկել է, հենց էստեղ դռանն է հիմի էլ, թե չես հավատում, բերեմ, տես։
— Դե բեր էստեղ,— խնդրեց Հազարան բիլբյուլի տերը։
Ագռավը ներս բերին։ Ագռավին կանգնեցրեց էս աղջիկն ու ինքն սկսեց թլիսմ գիր անել։ Քանի գրիչը շարժեց, ագռավն