Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/440

Այս էջը հաստատված է

առ այս մի ճիթը, գնա։ Ասավ ու մի ճիթ խաղող պոկեց, շըպըրտեց դեպի պառավը։ Այն էլ ընկավ ցանկապատի մեջ, բոլոր պտուղները թափեցին դես֊դեն, ցրվեցին, կորան։ Պառավը հազիվ մի քանի պտուղ հավաքեց, բերեց տվեց հիվանդին։ Հիվանդը կերավ ու թե՝ նանի, այս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա մի ճիթ էլ բեր։ Պառավը դարձյալ վեր կացավ, գնաց։ Այս անգամ այնտեղ հասավ, որ այգեպանը այգուց դուրս էր գալիս։ Ինչքան խնդրեց, աղաչեց, պաղատեց, քարասիրտ այգեպանը չլսեց, դուռը փակեց, գնաց։ Պառավը դառն ու դատարկ եկավ տուն, տեսավ որդին աչքը դռանը գցած, խաղող կանչելով մորն է սպասում։ Տեսավ մայրը եկավ դատարկ, սրտի ուզելիքը չի բերել, ավելի վատացավ ու խաղող կանչելով էլ այն գիշեր ավանդեց հոգին։ Առավոտը բարիլուսին, աստծու գահի դռների դռները բացված ժամանակ, սգավոր մայրը ձեռները դեպի երկինք տարածեց ու կանչեց.

<1>

Անսահման գթած
Արարիչ աստված,
Որ չափ չես դրել արևի լույսին,
Ոչ փակ երկնքի պայծառ երեսին,
Որ աշխարհքն անծայր, ծովերը անհուն,
Այսքան < ... > այսքան բարություն
Ածել ես, լցրել, փռել անխնա,
Որ ամեն մի շունչ ուտի, լիանա...
Դատիր քո մարդկանց— լիքն այգու միջին
Մի ողկույզ խաղող մերժում են խեղճին։
Այս լիքն աշխարհքից իմ որդին գնաց
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած...
Լսի՛ր, տեր աստված, խեղճ մոր անեծքին,
Թող տատասկ կտրի արքայի այգին,
Ծառը՝ թող մացառ, վարդը փուշ դառնա,
Տերը «վա՜յ դրախտ» կանչելով մընա։