Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/441

Այս էջը հաստատված է

<11>

Քեզ եմ բողոքում՝ որդիս առաջիս
Մի ճիթ դեղապետ չտվին խեղճիս։
Այս լիքն աշխարհքից նա մեռավ, գնաց,
Աչքը դեպի դուրս, լեզուն ցամաքած․․․
Ո՜վ խեղճի աստված, իմ ցավին նայիր,
Դու էլ քո բարին նրանց խնայիր,
Թող կարոտ մնան սրտի ուզածին,
Ինչպես իմ որդուն կարոտ թողեցին։


Պառավն անեծքը վերջացրեց թե չէ, թագավորի դրախտանման այգին փոխվեց դարձավ մի վայրենի մացառուտ, ազնիվ-ազնիվ տեսակի պտղի ծառերը ցաք ու փուշ կտրեցին, խաղողի որթերը բաղեղի նման խճճվեցին, այգեպաններն էլ արջեր դարձան, ընկան մեջը։

Սարսափած թագավորը տեսավ, որ յուր տերության զարդը չորացավ, վշտից հիվանդացավ։ Հավաքեց իր երկրի բոլոր իմաստուններին, որ բացատրեն, թե այս ինչ տեսիլք էր, որ աստված ցույց էր տալիս։ Իմաստունները գիր բաց արին ու պատմեցին, թե թագավորն ապրած կենա, քո այգին մի աղքատ պառավի անեծքից է փուշ կտրել և նորից կկանաչի, էլ այն այգին ու այն պտուղը կդառնա միայն այն ժամանակ, երբոր նրա մեջ կանչի Հազարաձայն սոխակը (Հազարան բյուլբյուլը), որ երգում է հազար տեսակ ձայներով ու եղանակներով և երգելիս բերանից վարդեր է թափում։

Հիվանդ թագավորը յուր երեք որդուն կանչեց.

— Որդի՛ք,— ասաց,— իմ միակ փառքն ու պարծանքը փուշ դարձավ, իմ թագավորության ամենաթանկ զարդը փչացել է։ Ես արդեն ծեր եմ, հազիվ էի ոտքիս վրա կանգնում, հիմա վշտից ծունկս էլ է կտրել, ես որտեղի՞ց բերեմ Հազարան բյուլբյուլը (Հազարաձայն սոխակը)։ Երիտասարդ մարդիկ եք։ նստեցեք ձեր նժույգները, գնացեք, բերեք, որ էլ ետ կենդանացնենք ու նորոգենք մեր փուշ դառած դրախտը։ Իսկ դու տանը մնա,— ասաց փոքրին, որի անունը Շնորհք էր, բայց ոչ մի շնորհք չէր ցույց տալիս, ոչ կարողանում էր․․․