Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/450

Այս էջը հաստատված է

հաղթեցի, միայն քո գերբնական գեղեցկության հրապուրանքին չդիմացա, միայն քեզանից հաղթվեցի։ Սրան թող ապացույց լինի այն համբույրի հետքը, որ դեռ մնում է քնքուշ երեսիդ։ Այժմ էլ ահա քեզ մոտ եմ եկել կրկին, առանց քեզ չի խոսում Հազարան բյուլբյուլը, տատասկ է մնում այգին, միջի մարդիկը՝ արջեր։

— Լսի՛ր, աննման տղա,— ասաց աղջիկը,— որքան ինձ դուր է գալիս քո ազնիվ շնորհքը, առավել ևս իմ սիրտը գրավեց քո պատմությունը։ Դու, որ անցար այս բոլոր անհաղթելի դժվարությունների միջից, դու, որ կարողացար այդ բոլոր արգելքների միջով ներս թափանցել կախարդական աշխարհքը, դու կարող ես մարդու սրտի գաղտնարանն էլ ներս թափանցել, դու կարող ես այս էլ անել։ Պետք է գնաս ինձ համար բերես Սինամ թագավորի գաղտնիքը։ Գնա՛, այս էլ բեր, այնուհետև ես քոնն եմ, արի, տար։

Վեր կացավ Շնորհքը, ճանապարհ ընկավ դեպի Սինամ թագավորի տերությունը, նրա գաղտնիքը բերելու։

* * *

Ո՛չ, ես չեմ եկել թևով թռչունի,
Ոչ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մինն այս ուժը չունի,
Թռել-եկել եմ ես քո կարոտով։

Ես ծովեր անցա,— ալիքն ու փրփուր
Լվանում էին երեսն երկընքի,
Անդունդներ թռա, <որոնց> խորքերից
Վեր էին հառնում ձայներ դժոխքի։

Անցա փշալի անկոխ անապատ
Ու վարդի բուրմունք առա տատասկից։
Այն լեղի գետից անցա անվհատ։
Խմեցի լեղին— դառնություն չզգացի։

Հաղթեցի դևին, աժդահաներին,
[<3 անընթ.>] խեղկատակների,
Բոլորը անցա, հաջող դիմացա։
Բայց չկարացի հաղթել քո սերին։