Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/451

Այս էջը հաստատված է

Եվ ահա կրկին անցել եմ համայն
Ոչ հավքի թևով, ոչ մարդու ոտով,
Եկել եմ թռած քո սիրով միայն,
Քո սիրով, քո մեծ <ու> սուրբ կարոտով։


* * *

Աղջիկը ամենաթովիչ ժպտալով կանչեց.

— Ահա՜, ես քոնն եմ,— ասաց աղջիկը,— ե՜կ գրկիր: Շնորհքը գրկաբաց վրա թռավ․․․ գրկեց․․․ բայց գիրկը դատարկ էր— աղջիկը ուրիշ տեղ էր կանգնած, զարմացած Շնորհքի վրա խնդում էր, կրկչում։

Կրկին վրա վազեց Շնորհքը, ուզեց բռնել, կրկին անհաջող։

— Բռնիր, եթե կարող ես, ես քոնն եմ,— կանչում էր կախարդական աշխարհքի չնաշխարհիկ թագուհին և խուսափում, ինչպես երազ-պատրանք։

Դարձյալ հարձակվեց բորբոքված Շնորհքը, դարձյալ անհաջող։ Աղջիկը մյուս կողմից խնդում էր ու հեգնում.

— Ա՛յ դու անշնորհք Շնորհք, չես կարողանում ինձ բռնել։

Գերբնական գեղեցկուհին այսպես երկար տանջելուց հետո ասաց.

— Դե լսի՛ր, սիրելիս, դու այժմ չես կարող ինձ տիրել։

— Հապա, ե՞րբ կտիրեմ,— կանչեց հուսահատ տղան։

— Լսի՛ր ինձ, լսի՛ր։ Դու որ կարողացար այս բոլոր արգելքների միջով ներս թափանցել հողեղենին անմատչելի կախարդական աշխարհքը, մի գերմարդ ես դու երկնից իջած, դու կարող ես մարդու սրտի գաղտնարանն էլ ներս թափանցել։

Եվ գրկում էր թշվառ տղան նրա սիրով բորբոքված,
Կրկին գրկում, ամուր բռնում… դարձյալ իզուր և խաբված։
Խուսափում էր այնպես երկար չքնաղ ոգին ու կանչում,
Կանչում կրկին, գիրկը նետվում, չքվում գրկից ու տանջում...