Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/455

Այս էջը հաստատված է

— Եթե 40 քույր պատահեն, կամուսնանանք։

Վճիռը հայտնում են թագավորին։ Թագավորը ղրկեց մարդիկ այս ու այն կողմ, չկարողացան։

Ինքը՝ թագավորը գնաց։ Յոթ տարի ժամանակ նշանակեց, թե՝ եթե եկա, եկա, թե չէ՝ սպանված եմ։

Տեսավ մի դաշտում մի աղբյուր պատահեց։ Հենց ուզեց սուրճ խմել, տեսավ երեք մարդ։ Կանչեցին.

— Որտե՞ղ ենք մենք։

— Արևելքի թագավորն եմ ես։ Ես 40 աղջիկ ունեմ։ Ես առաջարկեցի, նրանք թե՝ ինչպես մենք 40 քույր ենք, պետք է 40 եղբայր գտնես, որ ամուսնանանք։ Այստեղ ուրախացան < . . . >

40-ից փոքրր Միրզա Մահմադ տգեղ, քաչալ։ Դրան չեն ուզում տանել և չեն տանում։ 39-ը գնում են։

Փոքրր խնդրում է հոր ձին, ձիապանն էլ չի տալիս։ Գնում է զոռով ձին թամբում, նստում, գնում, հրում է— հրում քաղաքի դռները, կողպել են, քացի է տալիս, դուռը փշրում։ Հասնում է.

— Բարև, եղբայրներ։

— Ինչո՞ւ եկար, տո, գետինը մտած։

Մյուսները թե՝ թող գա, մեզ կծառայի։

Հասնում են։

— Եկել ենք մեր հարսնացուները տանելու։

Աղջկերքը թե՝ թող գան տեսնենք։

Մեծ աղջիկը երեք պայման է առաջարկում, թե՝ ա. պետք է ինձ հետ նարդ խաղաք, բ. բուրթի, մենք կգցենք, թե մեզ տանեք․․․ գ. Սինամը Գյուլին ի՞նչ արավ, Գյուլը Սինամին ի՞նչ արավ։

Միրզա Մահմադին չեն տանում նարդ խաղալու։ Պահապանին կանչում է, թե՝ գնա տես եղբայրքս ինչ բանի են։

Գնում է գալիս, թե՝ երկու անգամ տարել են աղջկերքը, երրորդն էլ հիմա կտանեն։

Ներս է մտնում, թե՝ թողեք ես տանեմ։

Խաղաց, տարավ։

Բուրթի խաղացին մյուս օրը, էլի չտարան Միրզա Մահմադին— նույն կերպ։