Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/461

Այս էջը հաստատված է

որ գիշերները, տղեն, հոր գնալուց հետո, փողը գողանում է, օճորքում մի ղութում պահում։ Մի տարի անցավ։ Հայրը, թե՝ որդի, եկ հաշիվ տեսնենք։ Տեսան։ Թե՝ 1000 թուման վնաս ունենք։ Թե՝ ա՛յ որդի, ինչո՞ւ պետք է վնաս ունենանք, առաջ ավելի թանկ էինք ոչխարն առնում ու էժան ծախում, իսկ այժմ․․․ և այլն։ Չէ ախր, ես պարտք եմ արել, պարտքատերը կգա, ի՞նչ ասեմ։ Մեղքս եկավ, սկսեցի ոտներն ընկնել, կոծկոնծալ ու օճորքին նայել։ Գլխի ընկավ, ներքև բերեց արկղը։ — Փչանա քեզ նման որդին։ Ու ինձ էլ, որ որդին չսպանի, տարավ տուն։ Կինը տեսավ թե չէ, սկսեց իր գլխին տալ.— Ա՛յ մարդ, այդ ի՞նչ ես բերել։ Թե՝ շուն։ Թե չէ՝ դա մեր թագավորն է, իր կինն է այդպես արել։ Թե՝ հնար կա՞։ Թե՝ ինչպես չէ, դրա կինը իմ աշակերտուհին է։ Մի ճիպոտ բերեց, զարկեց, շինեց թագավոր։ Ճիպոտը հանձնեց թագավորին։ Թե՝ քո կինը այժմ գիշեր-ցերեկ այն արաբի գլխին կանգնած լաց է լինում, ուշքը վրան չի։ Գնա, նրան կամաց-կամաց մոտեցիր, զգույշ, զարկիր ու ասա.— Քանի՞ կռավես, ա՜յ ագռավի ձագ, ագռավ։ Նա իսկույն կդառնա ագռավ։ Գցիր ոսկի վանդակի մեջ։ Միայն զգույշ կաց, քո պատմությունը ոչ ոք չիմանա, աշխարհ չընկընի։ Եթե աշխարհքը իմացավ, թլիսմը կքանդվի, նա նորից կդառնա մարդ ու քեզ կփչացնի։ Այսպես էլ արի։ Այժմ պահում եմ վանդակում.— Ճի՞շտ է, Վարդի՛կ։ Թե՝ ղա՜։ Ահա իմ պատմությունը։ Ասաց ու կանչեց դահիճներին։ Թե՝ թող աղոթեմ։ Թողեց, որ աղոթի։ Թռչունն եկավ նրան թռցրեց։ Թռցրեց թե չէ, վանդակը պատռվեց, ու Վարդիկը դարձավ մարդ։ Իսկ Միրզա Մահմադը եկավ շահզադի մոտ։ Եկավ շահզադին պատմեց։

Շահզադեն սկսեց։

— Իմ ձայնը, խո լսեցիր, թե ինչ ձայն ունեմ։ Թե՝ լսեցի։ Թե՝ իսկ 15 տարի սրանից առաջ ինչ ձայն կունենայի։ Թե՝ դրան էլ խոսք չկա, ավելի լավ։– Մի առավոտ երգում էի, մեկ էլ տեսա մի բան ինձ վերցրեց օդի մեջ։ Ոչինչ չիմացա, միայն մեկ էլ աչքս բաց արի, ինձ տեսա մի դրախտում։ Այնպես մի փափուկ տեղ եմ նստած, այնպես անուշ հոտեր են գալիս (այնպես ձայներ), որ լեզուն չի կարող պատմել։ Մեկ էլ տեսնեմ, ինչպես արեգակը, մի գեղեցիկ աղջիկ է գալիս։