Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/468

Այս էջը հաստատված է



Իրիկունը տղերքը գալիս են, տեսնում իրանց քույրը լալիս է։— Ընչի՞ ես լալիս, քույրիկ։ Թե՝ բա ի՞նչ անեմ, որ չլամ, ինձ թողել եք մենակ։ Գնացեք, Հազարան բյուլբյուլը բերեք, համ քեզ կնիկ, համ... և այլն (կրկնություն)։

Առավոտը վեր կացան, ճամփա ընկան։ Ճամփին մի սիպտակամիրուք ծերունի պատահեց։ Նա հարցրեց, թե՝ որդիք, ո՞ւր եք գնում։ Թե՝ գնում ենք Հազարան Բյուլբյուլը բերելու։ Թե՝ եկեք ետ դարձեք, նրան ինչպե՞ս պետք է բերեք, ով որ գնում է, քար է դառնում։— Քար դառնա, չդառնա, մենք պետք է գնանք, մեր քրոջ խաթեր։

Գնացին, հասան դրա տեղը։ Տեսան բոլոր եկողները քար կտրած։ Երկուսն էլ մի տեղ կանգնեցին ու ձայն տվին.— Հազարա՜ն բյուլբյուլ։ Այն կողմից կանչեց.– Զահրումա՜ր, էլ ձեր գարշելի ձայնը լսեցի՞։ Այս որ ասաց, տղերքը մինչև կեսը քար կտրեցին։ Կրկին կանչեցին․— Հազարա՜ն բյուլբյուլ։ Կրկին պատասխանեց.— Զահրումա՜ր, էլ ձեր գարշելի ձեներն եկա՞վ։ Տղերքը մինչև կուրծքը դարձան քար։ Մին էլ կանչեցին նույն ձևով։ Տղերքն ամբողջովին քար կտրեցին իրանց ձեռներով, միայն քաքուլները գլխներին մնաց նշան, որ քամին տանում էր, բերում։

Քույրը մնաց-մնաց, տեսավ ուշացան, չեկան, թե գնամ տեսնեմ եղբայրներս ինչ եղան։ Գնաց էն պառավին հարցրեց, թե՝ ամի, էս ճամփով այսպես երկու տղա չանցա՞ն։ Թե՝ որդի, մի գնա, գնացողը քար է դառնում։ Թե՝ ես իմ եղբայրներից առավել չեմ, թե նրանք քար են դարձել, ես էլ կերթամ, քար կդառնամ։

Աղջիկը որ հասավ, տեսավ եղբայրները քար կտրած, էլ ձայն չկարողացավ հանել, ուշաթափվեց, վայր ընկավ։ Հազարան բյուլբյուլը իր ծառաներից ուղարկեց, թե՝ գնացեք, տեսեք օրինավոր մա՞րդ է եկել ինձ համար, թեկուզ քարացած էլ լինի՝ կնկատվի։ Ծառան եկավ, տեսավ երկու ոսկեքաքուլ տղա քարացած, այդ ոսկեճկութ աղջիկն էլ ուշաթափ ընկած նրանց մեջտեղը։ Դարձավ, գնաց Հազարան բյուլբյուլին պատմեց, թե՝ այսպես երկու ոսկեքաքուլ տղերք․․․ և այլն (կրկնություն)։