Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/473

Այս էջը հաստատված է

Միջնակն էլ՝ նույնը։

Իջեցնում են փոքրին, թե ինչ որ կասեմ, ինձ չլսեք, դուք իջեցրեք։

Ջուրը քաշելուց հետո իրան թողնում են հորի մեջ, թե նա չպարծենա, որ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք, ինքը Հազարան բյուլբյուլն է բերել։


Հազարան բյուլբյուլը բերում են, բայց այգին չի կանաչում։ Իմաստունները հավաքվում են, ասում են․

— Հազարան բյուլբյուլին տեր էլ կա, մինչև տերը չգա, դա ձեն չի ածիլ։

Ասում են.

— Որտե՞ղ է սրա տերը։

Մեկն ասում է.

— Տեսա մի բաղում քարշ արած էր, բերի։

Մյուսն ասում է՝ մի անտառում էր։

* * *

Վաճառականներ են գալիս ջրհորի մոտ, ձայն են լսում հորից։ Հանում են։ Նա գալիս է հոր քաղաքը։ Թե՝ դու մինչև հիմա ո՞րտեղ էիր։ Թե՝ այսպես, այսպես։ Թե՝ դե որ այդպես է, գնա տերն էլ բեր, թող նա էլ քեզ կին լինի, թե չէ դու սուտ ես ասում, ու այգին էլ չոր կմնա։

Նա նորից գնում է, հասնում սև դևի սահմանը։ Սև դևը, որ տեսնում է եկավ, սարսափում է։

— Ո՞ւր եկար։

Թե՝ եկել եմ, պետք է գնանք էն աղջիկը բերենք։ Թե՝ իրավունք չունեմ էն սահմանը մտնեմ։ Թե՝ բաս ինչպես բերեմ։ Թե՝ էս կողմով չես կարող բերել։ Նա որ հրամայի քեզ կտոր-կտոր կանեն։ Կերթաս, նույն բաները կտեսնես, կփոխես։ էն աղջիկն այժմ էլ քարգահ չի անում։ Ձեռքերը ծոցին, տխուր նստած է։ Գնա, բայց էնպես պետք է անես, որ աղջիկը ջանլաթ չկանչի։

Գնում է, բարևում են, աղջիկն ասում է.

— Հողածին, դո՞ւ տարար Հազարան բյուլբյուլը։