Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/476

Այս էջը հաստատված է

կա։ Ամեն առավոտ վշտից ու խեղդուկ օդից դուրս եմ գալիս, տեսնում մարմար ավազանում իմ երեխաները լողանում են։ Մոտենում եմ, ուզում եմ գրկեմ, աղավնի են դառնում, չքանում։ Տեսար, որ տանս ամեն բան սարքած էր, այդ ամենը կինս է անում։ Ասա հիմի՝ այս վշտի տերը կարո՞ղ է աշխատանքի համար մտածել։ Ամբողջ տարին աշխատում եմ այնպես, իբրև սովորություն, հենց ոսկին ստանալու րոպեին մտքումս հարցնում եմ, թե ո՞ւմ համար է, երբ որ նրանք չկան, և ահա այդ դառն րոպեին սրտիս հովությունը գտնում եմ ամբողջ տարվան աշխատանքը ոչնչացնելու մեջ։

— Ո՜հ, վարպետ, հիրավի մեծ է ձեր վիշտը, այնքան ազդեց իմ սրտին, որ սիրտս այրվում է։ Մի բաժակ ջուր տուր խմեմ, սիրտս հովանա, հետո գլուխս տուր։

Նա գնում է, գալիս, տեսնում անհայտացած (լուսադեմ է լինում)։

Գալիս է մինարեթի տղի մոտ։— Օ՜, դերվիշ բաբա, բարև, բերի՞ր թամբ շինողի գաղտնիքը։ Պատմում է– Թե՝ ուրեմն պայմանը պայման է։ Պատմում է, երբ որ պրծնում է, թե՝ դերվիշ բաբա, թեև խոստացել եմ, բայց նրա համար, որ հույս չունեի թե կբերես, ուզեցի քաղաքավարի մերժել։ Բեր, դու մի հիշեցնիլ ինձ իմ անցյալն, եթե պատմեմ, ես կխելագարվեմ, մեղք արի ինձ։

— Եթե գաղտնիքդ շեմքից դուրս չգա, կպատմե՞ս։

— Այո՛։

— Ես այնքան հետաքրքրվում եմ...— Եվ նույն պայմանը։

Սա սկսում է պատմել։

Մեր մեծ բայրամի տոնն էր, մի գեղեցիկ, հրաշալի օր։ Բոլորը զուգված, զարդարված, մեջիթի չորս կողմը ծփում են, աղջիկ տեսնելու կարոտ։ Ես էլ այն մեջիթի հայտնի երգիչն էի։ Ես, ոգևորված տոնի շքեղությունից և այն մտքով, որ ես հափշտակեմ բոլորին, այնպես եմ երգում, որ երկնքի թռչունքը գալիս են, գլխիս պտտվում։ Ահա այդ թռչուններից մի մեծը երգելու ժամանակ իջավ, ինձ ճանկեց ու բարձրացրեց վերև։ Իմ ոգեզմայլության, ինքնամոռացության մեջ ինձ թվում է, թե հրեշտակներն ինձ տանում են դրախտը։ Տարավ, ինձ մի անմահական բաղի մեջ վեր դրեց, ինքը անհայտացավ։