Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/478

Այս էջը հաստատված է

զգացի։ Զարթնեց և ասաց նույնը ու անհայտացավ։ Սիրտս պայթում է սրտնեղությունից, ես՝ մոլորված-փոշման։ Այն ժամանակ հանկարծ մի ձայն ինձ սթափեցրեց.— Ո՛վ դու հողեղեն, ինչ ունես այնտեղ, անմահների բնակավայրում։ Ես հավաքելով բոլոր ուժս, լեզվիս կապանքը բացեցի և ասացի.— Ո՛վ գերբնական ոգի, ասա տեսնեմ, ո՞ւր եմ ես և ո՞վ եք դուք, որ տանջում եք ինձ։— Դու այնտեղ ես, որտեղ ոչ մի հողեղեն ոտք չի դիպել, բայց եթե մի պատահմունքով ընկել ես այստեղ, թող ծնկանդ ննջեմ։ Միայն լսիր՝ հրապուրանքից չհաղթվես և չհամբուրես ինձ, թե չէ շատ բան կկորցնես, կզղջաս։ Եվ այս երրորդն ավելի չքնաղ էր, քան նախորդները, որ երկու փորձից հետո դարձյալ ես ինձ մոռացա․․․ Նույնը կրկնվում է։

Նա էլ անհայտացավ, գնաց իմ աչքից, և ես մտածում եմ, թե մի համբույրով որքան բան կորցրի և ես մնացի ապուշ։ Օրն արդեն տարաժամ էր, թեև այդ րոպեները երանություն էին ինձ համար, բայց մի գաղտնի երկյուղ ազդում էր ինձ վրա։ Առաջ եմ գնում, շքեղ տեսարաններ, ջրվեժներ, ավազաններ, ծաղկեկուտներ և շափյուղայից շինած պալատներ: Սիրտ արի, ներս մտա, և ոչ ոք չկա։ Կանչում եմ, պատասխան չկա։ Փոշման֊գլխակոր ետ դարձա եկած ճամփով և վախ չզգալով դուրս եկա այգուց, հեռացա այնտեղից — այնտեղ թողնելով ուշքս, միտքս և հոգիս։ Թե ինչպես գտա ես իմ քաղաքը, այդ էլ չեմ հիշում։ Այն օրից սկսած ես ուրախ-ուրախ մեջիթն եմ դիմում, բարձրանում-երգում ավելի ոգևորված, ավելի հափշտակված ու հրապուրիչ ձայնով և իմ ձայնիս ելևէջները նվիրում եմ նրանց, բայց, ավա՜ղ, էլ չի գալիս այն թռչունը, որ ինձ կրկին տաներ անմահական այգին, այն հուրիների մոտ, և ես իջնում եմ հուսահատ ու խելագարված։ Դե՛, ասա խնդրեմ, դերվիշ բաբա, մի երիտասարդ սիրտ այդպիսի հանդիպումներից և կորցնելուց հետո, մի՞թե կմնա յուր բնական դրության մեջ։ Եվ այսուհետև ինձ ոչ մի աշխատանք, ոչ մի գործ չի գրավում, միայն երգել և երգել, որ գուցե մի օր իմ ձայնս հասնի առ աստված և կրկին ուղարկի ինձ այն թռչունը, որ կրկին ինձ տանի նրանց մոտ։

— Ո՜հ, այդ հասակում այդ վշտի տակ ծանր է հիրավի։