մեկը. «Սասնո տերերի պատմության վրա նա դրել է իր հայրենի եզերքի կնիքը», «վեպին տվել է նահապետական կենսահայեցողության դրոշմը» (Արսեն Տերտերյան. Հովհաննես Թումանյան. Հայրենի եզերքի քնարերգուն, Վաղարշապատ, 1911, էջ 78—82)։ Իսկ Պ. Մակինցյանը «Սասունցի Դավիթը» համարեց Թումանյանի «լավագույն», «ամենահաջողված պոեմը»։ Վճռականորեն մերժելով «ազատ թարգմանության» բավական տարածված տեսակետը, նա գտնում էր, որ «դա բոլորովին ինքնուրույն գործ է, նոր մտահղացում», քանի որ «Հով. Թումանյանը նոր ոգի, նոր բովանդակություն է ներշնչել այդ շենքին և ժողովրդի հավաքած քարերից իր սեւիական կաոուցվածքն է հրաշակերտել»։ «Դավիթը բանաստեղծի այն իդեալական տիպն է, որին նա զուր էր որոնում հայոց լեռների չոբանների շարքում,— գրում էր քննադատը։— Սասունցի Դավիթը հայ ժողովրդի իդեալական մարմնացումն է, նա, որը կրում է իր մեջ ժողովրդի լավագույն իղձերը և օժտված է նրա բնավորության լավագույն հատկություններով» («Գարուն», գրական-քննադատական ալմանախ, գիրք երրորդ, Մոսկվա, 1912, էջ 288—304):
Քննադատության մեջ արտահայտված կարծիքը Թումանյանի պոեմում ժողովրդական նյութի «ընդօրինակման» մասին թերևս իրավացի թվա արտաքին հատկանիշների առումով, բայց բացարձակորեն անընդունելի և անարդարացի է ընդհանուր գեղագիտական տեսակետից։ Բանն այն է, որ պոեմում Թումանյանն իրոք ոչինչ «չի հորինել», բոլոր դրվագներն ու կերպարները, ոճերն ու բառամթերքը նա քաղել է ժողովրդական աղբյուրներից՝ միշտ հավատարիմ մնալով նրանց ոգուն ու ձևին։ Այդ իմաստով պետք է հասկանալ 1909 թ. Ռ. Դրամբյանի դեմ գրած առաջին հոդվածում Թումանյանի հետևյալ խոստովանությունը. «Մի Սասունցի Դավիթ... քանի ժամանակ էր բանահավաքները Մոկաց մութը լեռներից բերել էին ձեր առջևը ձգել։ Բացատրում էին ու հիանում։ Սակայն ձեզ համար ու ձեր երեխաների համար նա գոյություն չուներ ու չկար: Չէ՞ որ նույն ժողովրդական նյութն եմ վերցրել ու միայն պատմել, կամ ինչպես դուք ասում եք, «վերածել ոտանավորի», և էն էլ աշխատել որքան կարելի է «բառացի», ժողովրդականին հավատարիմ. ուրիշ ոչինչ» (ԵԺ IV, 101)։ Յուրովի նույն կարծիքն է հայտնել նաև Ավ. Իսահակյանը 1902 թ. հուլիսի 21-ի նամակում՝ Թումանյանի պոեմի մեջ տեսնելով «անհատական ստեղծագործության» պակաս և ավելացնելով, «Քոնը ուղղակի՝ նյութի ոտանավոր, մի փոքր մշակած վերածումն է» (Ավ. Իսահակյան. Նշված հրատ. և հատոր, էջ 40):
Սակայն ոչ իր՝ Թումանյանի և ոչ էլ նրա բանաստեղծ ընկերոջ այս խոսքերը չպետք է հասկանալ տառացիորեն։ Այն, ինչ նրանք կոչում են «բառացի» վերապատմություն, իրականում վիթխարի ստեղծագործական աշխատանքի արդյունք է, տարբեր աղբյուրներից ամենից անհրաժեշտ պատկերների, բառերի և արտահայտությունների ընտրության ու միահյուսման դժվարագույն գործ: Այստեղ լիովին կարելի է կրկնել այն, ինչ նույն հոդվածում Թումանյանն ասել է հեքիաթների կապակցությամբ. «Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջն է, որ իմանան ի՞նչը փոխեն, ինչը դուրս