Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/553

Այս էջը հաստատված է

պոեմը եզակի տեղ է գրավում: Ինչքան էլ բանաստեղծը դժգոհ էր իր պոեմից և գիտակցում էր ազգային էպոսի ավելի կատարյալ և ամբողջական վերարտադրության անհրաժեշտությունը, նրա երկը մնում է հայ հերոսական վիպերգության լավագույն գեղարվեստական մշակումը, ամենից հարազատը, սիրվածն ու տարածվածը ժողովրդի մեջ:



Պոեմի տեղանունների և որոշ բառերի բացատրություն

2 Քառասուն տարի իշխում Էր Սասուն.

Սասունը լեռնային գավառ է Արևմտյան Հայաստանում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում, Վանա լճից արևմուտք։ Այստեղ է ծագել հայ հերոսական էպոսն իր հիմնական գծերով՝ այնուհետև տարածվելով պատմական Հայաստանի շատ կողմերում։ Էպոսի դյուցազունները սասունցի են, կոչվել են Սասնա (կամ Սասմա) կտրիճներ, փահլևաններ, իսկ վեպն ամբողջությամբ՝ «Սասնա ծռեր», «Սասնա տուն» և այլն: Թումանյանը մշակել է չորս ճյուղերից երրորդը, որը կենտրոնական տեղ է գրավում էպոսի կառուցվածքի և գաղափարական բովանդակության մեջ:

47-48 Էս դարում Մըսըր անհաղթ ու հըզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։

Հայ ժողովրդական վեպում Մըսըր է կոչվում այն երկիրը, որտեղից թշնամական ուժերն անընդհատ հարձակվում են Սասունի վրա։ Սասունցի հերոսները պաշտպանական կռիվներ են մղում այդ երկրից եկող զավթիչների դեմ։ Վիպական պատումների մեջ Մըսր երկիրը ներկայանում է մերթ իբրև Սասունին շատ մոտ, նրան ամեն կողմից շրջապատող տերություն, մերթ որպես հեռավոր մի աշխարհ: Այս անվան տակ արտացոլվել են ժողովրդի պատմական հիշողությունները միջնադարում Եգիպտոսի (Մսրա) Էյուբյան թագավորության և նրա հետ հայերի ռազմական ընդհարումների մասին (XII—XIII դարեր)։

106, 174 ելավ Սասունի սարերն աննըման.

Սասունի լեռնային զանգվածի մեջ մտնում են մի քանի բարձր սարեր (Անդովք, Մարութա լեռ, Սասունք, Խույթ և այլն), որոնք միասին վերցրած