Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/554

Այս էջը հաստատված է

կոչվել են նաև Սև սար, Սիմ սար, Տորոս, Մշո սար և այլն։ Այդ սարերում է կենդանիներին արածացնում Սասնա քաղքի գառնարած և ապա նախրապան մանուկ Դավիթը։

Սասունի նշանավոր լեռներից է Ծովասարը, որը երկու անգամ հիշվում է Թումանյանի պոեմի չորրորդ տարբերակում, Դավթի հրաժեշտի երգում («Ծովասարի պաղ աղբյուրներ», «Ծովասարի անուշ հովեր»)։ Լեռը Ծովասար է կոչվել իր գագաթին ունեցած լճակի պատճառով, հարուստ է մարգագետիններով, անտառներով և աղբյուրներով: Որոշ պատումների մեջ հիշատակվում է իբրև հերոսների զբոսավայր («սեհր անելու տեղ») կամ որսատեղի։ Ծովասարը պոեմի IX—X գլուխներում պատկերված որսասարն է։

238 Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար

Ծըծմակա սարը գտնվում է Մուշ քաղաքից դեպի արևելք (երեք ժամվա հեռավորության վրա)։ Հեռվից իր տեսքով նմանեցվել է դեպի դաշտ պարզված բազուկի, որի համար կոչվել է նաև Ծըծմական քիթ։ Իսկ Սեղանասար լեռը Մշո դաշտի արևմտյան կողմում է, Արածանու աջ ափին։ Ունի տափարակ, սեղանաձև գագաթ։ Ըստ վեպի որոշ պատումների՝ այս սարի վրա է բանակ դնում Մսրա Մելիքը՝ Սասունի վրա հարձակվելու համար։ Սեղանասարից դեպի հյուսիս-արևելք գտնվում էր քրիստոնեական Հայաստանի հնագույն հուշարձաններից մեկը՝ Մշո Սուրբ Կարապետի վանքը։

303 Էն մեր Մարութա սարն է զորավոր։

Մարութա սարը (կոչվել է նաև Մարաթուկ, Մարաթու լեռ) գտնվում է Սասունի Խարզանք գավառում։ Սասունցիների ըմբռնումով՝ Մարաթուկը սուրբ լեռ է, որի անունով նրանք երդվել են, իսկ այնտեղ կառուցված «Մարութա բանձր Աստվածածին» վանքում աղոթել և օգնություն են խնդրել փորձության պահերին, կռվի գնալուց առաջ։ Պայքարը հարստահարիչների դեմ Դավիթն սկսում է Մելիքի հրամանով ավերված Մարութա վանքը վերաշինելուց։ Վանքը կոչվել է նաև Չարխափան (այսինքն՝ չարը խափանող), որի մասին հիշատակվում է Թումանյանի պոեմի 305—306 տողերում. «Սասմա ապավեն, Սասմա պահապան Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան»։