Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/560

Այս էջը հաստատված է

արձակ վերապատումները։ Հավանաբար, այդ նյութերը հավաքվել են ոչ միայն դարասկզբին, այլև 1910-ական թթ՝ ամբողջ պոեմի արմատական վերափոխման ծրագրի կապակցությամբ, և կյանքի վերջին տարիներին, երբ Թումանյանն աշխատում էր «Հայկական էպոսի բառարանից» գիտական ուսումնասիրության վրա։ Այդ բոլոր նյութերը, որոնք պահվում են ԳԱԹ-ում (Թֆ, № 8բ, գ), առաջին անգամ լրիվ ծավալով տպագրվում են այս հատորի «Տարբերակներ և նյութեր» բաժնում։ Դրանք օգնում են ինչ-որ չափով պատկերացնելու այս չիրականացված մտահղացման բնույթն ու շրջանակները։

Հատուկ կարևորություն ունի պոեմի երկրորդ մասի սկզբնական դրվագների շարադրանքը։ Այդ էջերն ստեղծվել են էպոսի մի քանի պատումների ուշադիր ուսումնասիրության և համադրման միջոցով։ Այդ պատումներն են. Գ. Հովսեփյանի «Դավիթ և Մհեր», Ս. Կանայանի «Թլեոլ Դավթի հեքիաթ», Արտ. Աբեղյանի «Թլվատ Դավիթ և Մհեր», Ս. Հայկունու «Ջոջանց տուն», Բ. Խալաթյանցի «Սասմա փահլևաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր»։ Արձակ շարադրանքի մեջ մեծ տեղ է գրավում Դավթի և աշուղների հանդիպման դրվագը, որը մեզ ծանոթ է նաև պոեմի չափածո հատվածներից։ Բայց վերապատմված են նաև Դավթի և 12 գութանավորների հանդիպման, Խանդութ խաթունի տան պահապան Համդոլի դիմավորման դրվագները, որոնք, անշուշտ, պիտի օգտագործվեին պոեմի մեջ՝ բացահայտելով գլխավոր հերոսի էության այլևայլ կողմեր։ Թումանյանի մյուս գրառումների մեջ տեղ են գտել նաև Դավթի և Չմշկիկ Սուլթանի ճակատագրական կապը (քաղված է Գ. Հովսեփյանի «Սասնա ծռեր» պատումից), Դավթի և Խանդութի աոաջին հանդիպումն ու ընդհարումը (ըստ Արտ. Աբեղյանի պատումի) և այլն։ Այս և մի քանի ուրիշ նյութեր համախմբված են «Գրառումներ և քաղվածքներ» ընդհանուր վերնագրի տակ՝ խմբագրության կողմից համարակալված այն կարգով, ինչպես, դատելով առկա տվյալներից, դրանք գրվել են (իհարկե, այդ դասավորությունը չի կարող ինչ-որ չափով մոտավոր ու պայմանական չլինել)։ Այդ նյութերը վերաբերում են պոեմի ոչ միայն երկրորդ, այլև ավարտված առաջին մասին։ Դրանց շարքում առանձնանում է վերջին և ամենածավալուն գրառումը, որի մեջ Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին անձնանունների բացատրության կապակցությամբ երևում են Թումանյանի էպոսագիտական հետաքրքրությունների լայն շրջանակները։ (Նշված նյութերի մասին տե՛ս նաև Մ. Ջանփոլադյան, Թումանյանը և ժողովրդական էպոսը, 1969, էջ 75—77)։

«Աասունցի Դավթի» երկրորդ մասի պահպանված հատվածները և հարակից նյութերը ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էր ընթանալու պոեմի մշակման հետագա աշխատանքը։ Ամեն ինչից երևում է, որ այստեղ Թումանյանը կտրուկ կերպով հրաժարվում է «երեխաների ու ժողովրդի ընթերցանության համար» գրելու սկզբունքից, որով նա ղեկավարվել էր պոեմի առաջին մասի վրա աշխատելիս։ Երկրորդ մասում նա ցանկացել է էպոսը վերապատմել ավելի լայն ու հանգամանորեն, էպիկական և քնարական սկզբունքների ավելի ազատ զուգակցման եղանակով, ներառնելով