Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/567

Այս էջը հաստատված է

Շահի մտորումները աշխարհի անցողիկության մասին (253—256 տողեր), որոնք ծանրակշիռ նշանակություն ունեն ամբողջ պոեմի փիլիսոփայական բովանդակության համար. «Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին. Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության, Ոչ սիրած կնկա տըված բաժակին...»։

Սակայն զարմանալի է, որ և նույն 1909 թ. ՀԳ դասագրքում (որի կազմողներից մեկը ինքը՝ Թումանյանն էր), և հինգ տարի անց նրա 2-րդ տպագրության մեջ այս շատ կարևոր ճշտումներն ու լրացումները տեղ չգտան, և պոեմը հրապարակվեց ԲԲ խմբագրությամբ՝ որոշ ոչ մեծ փոփոխություններով։ Բացատրել այս փաստը «անուշադրությամբ»՝ հազիվ թե ճիշտ կլիներ, քանի որ այդ հրատարակությունների մեջ կան մի շարք նոր ճշտումներ ու փոփոխակներ։ Ըստ երևույթին, այս դեպքում ևս Թումանյանը որոշ տատանումներ է ունեցել պոեմի վերջնական բնագրի ընտրության մեջ։ Այդ տատանումները հաղթահարվեցին մի քանի տարի անց, երբ իր վերջին՝ ԲՊ ժողովածուի համար նա ընտրեց «Թմկաբերդի առումի» 1909 թ. առանձին հրատարակության բնագիրը։

ՀԴ երկու հրատարակությունների մեջ էլ պոեմի վերջին՝ XII գլխի թվահամարը բացակայում է, և այդ գլուխը փաստորեն միացել է նախորդին։ Դա, անշուշտ, տեխնիկական վրիպակ է։

Պոեմի 1921 թ. հրատարակությունը («Անուշի» հետ մեկ գրքույկի մեջ) և ԲՊ տեքստը առանց որևէ շեղման կրկնում են ստեղծագործության առանձին հրատարակությունը. միակ տարբերությունը ԲՊ-ի մեջ պոեմի 102-րդ տողի («Գետընքից վերև թռչում ման գալիս») բացակայությունն է, որն, իհարկե, տպագրական անփութության արդյունք է։

«Թմկաբերդի առումը» պոեմով Թումանյանը վերջին անգամ զբաղվել է 1916 թ., երբ հայկական թեմայով օպերա գրելու մտադրությամբ Թիֆլիս էր ժամանել Ալեքսանդր Սպենդիարյանը։ Ինչպես հիշում է Նվարդ Թումանյանը, կոմպոզիտորը, ծանոթանալով բանաստեղծի մի շարք երկերին, հրաժարվել է և՛ «Անուշ» պոեմից՝ «նյութը գտնելով միանգամայն անծանոթ», և «Փարվանա» բալլադից՝ սյուժեի սեղմության պատճառով, և իբրև ապագա օպերայի գրական հիմք ընտրել է «Թմկաբերդի առումը»։ Բանաստեղծն ու կոմպոզիտորը միասին որոշ աշխատանք են կատարել լիբրետոն նախապատրաստելու համար, պոեմը բաժանել են արարների և այլն։ Թումանյանը ցանկություն է հայտնել գլխավոր հերոսուհուն (որը պոեմում կոչվում է պարզապես «Թմկա տիրուհի») անվանել Գոհար և այդպես կոչել նաև օպերան։ Բայց այդ անվան ռուսերեն արտասանության մեջ երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունր անհարմար է դիտվել կոմպոզիտորի կողմից, և նա «Գոհարը» փոխարինել է այդ անվանը հոմանիշ «Ալմաստ» անունով (տե՛ս Ն. Թումանյան, էջ 160—161),

Լիբրետոյի վրա Թումանյանի կատարած աշխատանքից պահպանվել է միայն մի փոքրիկ սևագիր հատված (հրապարակվում է սույն հատորում), որն սկսվում է «Երեկո։ Բերդի տերրասիներ։ Տիկին ու նաժիշտները» բառերով: