Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/568

Այս էջը հաստատված է

Սակայն Թումանյանն ի վիճակի չեղավ ոչ ամբողջական լիբրետո ստեղծելու, ոչ էլ նույնիսկ գրելու հերոսների լրացուցիչ դերերգեր։ Հետագայում՝ 1918 թ. «Ալմաստ» օպերայի լիբրետոն հանձնարարվեց ռուս բանաստեղծուհի Սոֆիա Պարնոկին (1885—1933)։ Ավելի ուշ այն խմբագրել և հայերեն է թարգմանել Տիգրան Հախումյանը։ Ենթադրվում է, որ Ս. Պարնոկն օգտվել է Թումանյանի և Սպենդիարյանի համատեղ ջանքերով ստեղծված օպերայի ընդհանուր պլանից (ավելի մանրամասն տե՛ս Լ. Տեր-Մինասյանի «Պոեմից մինչև օպերա» հոդվածում, «Սովետական արվեստ», 1969, № 4, էջ 14—19)։


Պատմական և աշխարհագրական անունների բացատրություն

29 Նադիր Շահը զորք հավաքեց,

Նադիր Շահը եղել է Իրանի հզոր տիրակալներից մեկը, թագավորել է 1736—1747 թթ.։ Բազմաթիվ արշավանքներ է կատարել դեպի հարևան երկրները (այդ թվում՝ նաև դեպի Անդրկովկաս), հռչակվել է իր դաժանությամբ ու նենգությամբ։ Այդ հանգամանքն էլ հիմք է տվել Թումանյանին՝ ժողովրդական լեգենդում հիշատակվող անանուն «պարսից թագավորի» փոխարեն հանդես բերել իրական պատմական անձնավորության՝ Նադիր Շահին և այդպիսով բանահյուսական պատումի անորոշ ժամանակը կապել XVIII դարի հետ։ Սակայն, դրանով հանդերձ, Թումանյանի պոեմը չի կարելի դիտել իբրև պատմական իրադարձության արտացոլում։ Նադիր Շահը այստեղ ոչ թե իրական անհատի, այլ արևելյան բռնակալի հավաքական կերպար է։

31 Եկավ Թըմկա բերդը պատեց,

Թըմուկ բերդը (Թմոգվի) պատմական Ջավախքի միջնադարյան ամրոցներից է, Քոա գետի ձախ ափին։ XII—XIII դարերում եղել է Ջավախքի Զաքարյանների նստավայրը։ Բերդի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը և լավ երևում են գետի հակառակ ափին գտնվող բարձրադիր Գյումուրդա գյուղից (այստեղից էլ բերդը դիտել է Թումանյանը 1901 թ, այցելության ժամանակ)։