զետեղվել է և՛ քնարական գործերի շարքում (հատ. 1, էջ 23), և՛ «Հառաչանք» պոեմի սկզբում (հատ. 3, էջ 68)։
Պոեմի տարբեր մասերը հրապարակվում են տողերի առանձին համարակալմամբ:
«Հին կռիվը» բարդ ու երկարատև ստեղծագործական պատմություն է ունեցել, որն ընդգրկում է շուրջ քառորդ դար՝ պոեմի առաջին փորձերից՝ կատարված 90-ական թթ. սկզբին, մինչև պահպանված երկու մասերի համատեղ տպագրությունը ՀՀ ժողովածուի մեջ (1916)։ Այդ պատմությունը դեոևս լիովին պարզաբանված չէ՝ նյութերի մեծ մասի կորստյան պատճառով։
Պոեմի ինքնագրերից պահպանվել է միայն մի քանի պատառիկ.
ա) Առաջին և երկրորդ մասերի նախերգանքների ինքնագրերը (ԳԱԹ, ԹՖ, № 4)։ Առաջին նախերգանքի ինքնագիրը տպագրված տեքստից ունի զգալի տարբերություններ (ցույց են տրված տարբերակների բաժնում): Երրորդ մասի նախերգանքն ունի երկու ինքնագիր (Ա, Բ), որոնցից երկրորդը լիովին համընկնում է տպագրվածին, իսկ առաջինն ունի մի շարք տարբերություններ (տե՛ս նույն բաժնում)։ Ա ինքնագրի վերը գրված է պոեմի նախնական վերնագիրը՝ «Լևոնի կռիվը» (ջնջված)։ Այդ վերնագրի տակ կան հետևյալ նշումները. «Պատմ<ական> պոեմ 90-ական թվականներից. հատված», ապա՝ «Երկրորդ երգը» (պետք է ենթադրել, որ ըստ պոեմի նախնական պլանի այս մասը նրա երկրորդ գլուխն էր լինելու), իսկ նրա աջ կողքից մատիտով գրված է այդ երգի վերնագրի տարբերակներից մեկը՝ «Դեպի լույսը»։ Բ ինքնագիրը վերևում ունի «Հին կռիվը» ընդհանուր վերնագիրը (ջնջված), ապա՝ «Երկրորդ երգ» (որն ուղղվել է «Երրորդ երգ»-ի և հետո առհասարակ ջնջվել), իսկ նրա կողքից՝ «Երկրում» վերնագիրը, որը և պահպանվեց ԲԲ, ՀՀ և ԲՊ հրատարակություններում:
բ) Սևագիր երկու հատված (ԹՖ, № 100ա և № 144): Դատելով բովանդակությունից՝ դրանցից մեկը (երեք էջի վրա) պոեմի «Երկրում» գլխի վերջին մասի նախնական սևագիր գրառումներից է, իսկ մյուսը (վերնագրված «Հրդեհը», երկու էջ) հաջորդ գլխի կոնսպեկտային շարադրանքն է: Այդ ինքնագրերը հրապարակվում են «Սևագիր հատվածներ» ընդհանուր վերնագրի տակ։
դ) «Հայոց լեռներում» բանաստեղծության առանձին ինքնագիրը (ԹՖ, № 77)։
«Հին կռիվը» (նախապես՝ «Լևոնի կռիվը») պոեմի վրա կատարված աշխատանքն անցել է մի քանի փուլ։
Ստեղծագործության նախնական մտահղացումը կապված է 90-ական թթ. սկզբի հետ։ 1890 թ. գրած և նույն թվականին ԲՄ1-ում տպագրված «Մեհրի» պոեմից անմիջապես հետո Թումանյանը նորից ստեղծագործական լուրջ հետաքրքրություն է հանդես բերում դեպի արևմտահայության տառապանքի և ճակատագրի թեման: Դրա արդյունքը եղավ այս պոեմի առաջին տարբերակը, որը մեզ չի հասել՝ բացառությամբ մի քանի հատվածների։