Ինչպես պարզված է թումանյանագիտության մեջ, դրանք այն երեք բանաստեղծություններն են, որոնք տպագրվել են միևնույն՝ «հատված պոեմայից» ենթավեբնագրով, ա) «Տարոնի գարունը» (ԲՄ11, էջ 72—73, «1890 թ.» նշումով), բ) «Տարոնի առավոտը» (ն. տ., էջ 95—97, նույն «1890 թ.» նշումով), գ) «Գիշեր» (Տզ, 1895, № 16, էջ 238)։ Այդ բանաստեղծությունները (տե՛ս սույն հրատ. հատ. 1, էջ 73—77), անտարակույս, «Հին կռիվը» պոեմի նախնական տարբերակի հատվածներն են։ Այդ են ապացուցում նրանց մեջ պատկերված աշխարհագրական միջավայրը (Արևմտյան Հայաստան, հատկապես Տարոն և Մշո դաշտ), ավարառու քրդական ցեղի և նրա պարագլուխ Մուսաբեկի անվան հիշատակությունը, ընդհանուր ողբերգական մթնոլորտը և այլն։ Ըստ Վարդգես Ահարոնյանի վկայության, որն, անշուշտ, հենվել է բանաստեղծի պատմածի վրա, պոեմը գրվել է 1890—1893 թթ. («Орион», Литературно-политический ежемесячник, Тифлис, 1919, № 1, с. 73)։ Ինքը՝ Թումանյանն էլ 1890 թվականն էր համարում այս պոեմի վրա իր աշխատանքի սկիզբը։ 1919 թ. գրած «Պատանեկության օրերից» հոդվածում, որը նվիրված է հայտնի ազգային–հասարակական գործիչ Ստեփան Զորյանի (Ռոստոմի) հիշատակին, կա հետևյալ կարևոր վկայությունը այս պոեմի գրության շարժառիթների մասին. «Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ։ Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկա պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի։ Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց ես նվիրեցի Ստեփանին» («Հառաջ», Թիֆլիս, 1919, 26 հունվարի, № 11)։
Սակայն, աշխատանքն այս պոեմի վրա 90-ական թթ. սկզբին կամ չի ավարտվել, կամ էլ շուտով այն չի բավարարել հեղինակին։ Դա է պատճառը, որ նա այդ տասնամյակում պոեմի տպագրելու որևէ նոր փորձ չի արել, իսկ «Տարոնի գարունը», «Տարոնի առավոտը» և «Գիշեր» բանաստեղծություններից և ո՛չ մի տող չի փոխանցվել պոեմի հետագա խմբագրությունը (թեև «Երկրում» գլուխը պատմում է արևմտահայության կրած նույն այն սարսափների ու կորուստների մասին, որոնց նվիրված են նաև հիշյալ երեք բանաստեղծությունները)։
Թումանյանը նորից վերադարձավ այս պոեմին տարիներ անց, երբ նվաճել էր գեղարվեստական վարպետության նոր աստիճան և հայ ժողովրդի ազատագրության հարցին նայում էր շատ ավելի բարձր հումանիստական դիրքերից։ «Հին կռիվը» պոեմի վերստեղծման մասին (ճիշտ է, առանց վերնագիրը նշելու) նա խոսել է 1902 թ. ամռանը գրած նամակներում։ Հուլիսի 29-ին նա Փ. Վարդազարյանին հայտնում էր. «Սակայն քեզ ասեմ, որ միևնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձևում, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում եմ քաոսային դրության մեջ—և հոգի աստծոյ շրջէր ի վերայ նորա— և անշուշտ մի օր ասելու է— եղիցի լույս։ Ա՜խ, ի՜նչ սքանչելի խոսք է. եղիցի լո՛ւյս... ստեղծագործության աստվածային խորհուրդը կամ ստեղծագործական հանճարի ուժը հայտնում է այս երկու խոսքով—