Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/574

Այս էջը հաստատված է

եղիցի լո՜ւյս...» (ԵԺ V, 202)։ «Ազգային մեծ պոեման», անտարակույս, «Հին կռիվն» էր, որը պետք է ամփոփեր հարազատ ժողովրդի պատմության, ներկայի և ապագայի մասին բանաստեղծի պատկերացումները, ազգային գոյության թումանյանական փիլիսոփայությունը: Հիշյալ նամակից մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 6-ին, բանաստեղծը նույն հասցեատիրոջը գրում էր. «Ասում ես մի տխրիլ, որ դավաճանում ես քեզ իբրև ազգային բանաստեղծի։ Ես չեմ տխրում, որովհետև խոր ու լայն զգում եմ, որ վշտոտ ազգը, տառապած ազգը շարժվում է իմ մեջ, ուզում է խոսել։ Հենց այս էր, որ ասում էի մի ազգային, մեծ պոեմա եմ ձևել, բայց ծալում հետաձգում եմ» (ԵԺ V, 205)։

Բանաստեղծի այս խոսքերը հիմք են տալիս ասելու, որ ո՛չ այդ ժամանակ, ո՛չ էլ 1902 թ. «Աբասթումանի աշնանը» այս պոեմը լիովին չի ավարտվել (այդ պատճառով էլ չի մտել ԲԹ ժողովածուի մեջ)։ Պետք է ենթադրել նաև, որ աշխատանքը պոեմի վրա շարունակվել է հաջորդ մի քանի տարիներին, հավանաբար՝ մինչև 1906 թ.։ Այդ թվականի վերջին Թսւմանյանը տպագրության է հանձնում երկու հատված պոեմից («Հայոց լեռներում», «Երկրում»)։ Պոեմը, որն այժմ բաղկացած էր հինգ մասից, էապես նոր տեսք ստացավ (անշուշտ այդ են ակնարկում բանաստեղծի մեզ արդեն ծանոթ խոսքերը. «Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ...»)։ Գլխավոր հերոսի անունը Լևոնի փոխարեն դարձավ Վահան։ Ասվածի հիման վրա «Հին կռիվը» պոեմի այս երկրորդ տարբերակը հիմնականում պետք է համարել 1902—1906 թվականների ստեղծագործություն (տե՛ս այդ թվագրության հիմնավորումը նաև սույն հրատարակության 3-րդ հատորի ներածական հոդվածում, էջ 486)։ Բացառված չէ, սակայն, որ այդ խմբագրությունն էլ բանաստեղծին չի բավարարել, և նա հաջորդ տարիներին (1907—1910) ինչ-որ չափով շարունակել է աշխատել այդ երկի վրա։

Բայց իր հինգ մասերով հիմնականում ավարտված և, դատելով պահպանված հատվածներից, Թումանյանի էպիկական տաղանդի ամենախոշոր ու կատարյալ կերտվածքներից մեկը շատ դժբախտ ճակատագիր ունեցավ։ Բանաստեղծի տանը կատարված մի խուզարկության ժամանակ բռնագրավված ուրիշ թղթերի հետ ժանդարմական վարչությունը տարավ նաև «Հին կռվի» ձեռագրերը, որոնցից այդ ժամանակ միայն մեկ գլուխ՝ երրորդ մասն էր տպագրվել («Երկրում»)։ Պոեմի ինքնագրերը պարունակող հինգ տետրերը անհետ կորան և այլևս բանաստեղծին չվերադարձվեցին։ Թղթերի բռնագրավումը տեղի է ունեցել 1911 թ. հունվարի 19-ին, երբ ոստիկանության գործակալները հանկարծակի ներխուժում են «Հորիզոն» թերթի խմբագրություն, ապա խուզարկություն են կատարում նաև Թումանյանի բնակարանում՝ զենքի պահեստ և դաշնակցական կուսակցության գաղտնի փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով։ Թումանյանը և «Հորիզոնի» խմբագրությունում գտնվող մի շարք անձինք (Ա. Շիրվանզաղե, Ե. Լալայան, Մ. Ավետիսյան և ուրիշներ) ձերբակալվում և տարվում են թաղային ոստիկանատուն: