Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/575

Այս էջը հաստատված է

Այդ մասին հիշատակություններ կան Ստ. Լիսիցյանին 1911 թ. ապրիլին Թումանյանի գրած մի նամակում «ՈՒՀ—1, 380—381), Մարգար Ավետիսյանի հուշերում (ԹԺՀ, 189) և այլուր: Ձերբակալության հանգամանքների քննությանը տե՛ս Լ. Կարապետյան, Թումանյանի Հասարակական գործունեությունը և Թիֆլիսի պահնորդական բաժինը, ՈՒՀ—3, էջ 100—122։

Թումանյանի այս բանտարկությունը թեև տևեց ընդամենը մեկ օր, բայց պատճառ դարձավ նրա ստեղծագործության շատ էջերի անդարձ կորստյան։ Այդ մասին բանաստեղծը գրել է մի քանի անգամ։ Առաջինը այն դիմումն է, որ նա հղել է Թիֆլիսի նահանգական ժանդարմական վարչությանը, բանտարկությունից մի քանի օր հետո՝ 1911 թ. հունվարի 28-ին։ Ստորև բերվում է այդ դիմումի լրիվ տեքստը հայերեն թարգմանությամբ (ռուսերեն բնագիրը տպագրվել է ՈՒՀ—3, էջ 350)։

«Թիֆլիսի նահանգական ժանդարմական վարչությանը՝ Հովհաննես Տեր-Թադևոսի Թումանյանից
Դիմում

Իմ բնակարանում այս հունվարի 19-ին ժանդարմական վարչության հրամանով կատարված խուզարկության ժամանակ վերցրել են իմ ձեռագրերը։ Այս ամսի 27-ին ես ետ ստացա ձեռագրերի պարկը, որոնց մեջ երկու կապոց իմը չէին, այլ Կոլմանովայինը, իսկ իմ ձեռագրերից պակասում են մի քանի անավարտ և անտիպ պոեմ, հեքիաթ և մեկ դրամա, որոնք շատ թանկ են ինձ համար։ Ոչ մի րոպե չեմ կասկածում, որ ժանդարմական վարչությունը դրանք պահած լինի նրանց անլեգալ բնույթի պատճառով։ Ուստի Կոլմանովային վերադարձնելով այն կապոցները, որոնք մտցվել են իմ կապոցների թվի մեջ, խոնարհաբար խնդրում եմ գտնել և վերադարձնել ինձ իմ ձեռագրերը, իսկ եթե դրանք ինչ-որ պատճառով պահվել են, ապա խնդրում եմ բարի լինել հաղորդել ինձ։

Հովհ. Թումանյան

28 հունվարի 1911 թ.

ք. Թիֆլիս

Վոզնեսենսկայա փող. № 18»։

Այս դիմումը որևէ արդյունք չտվեց։ 1911 թ. հոկտեմբերի 31-ին հաջորդեց Թումանյանի նոր ձերբակալությունը, իսկ մյուս տարվա սկզբին՝ դատավարությունը Պետերբուրգում։ Միայն մի քանի տարի անց բանաստեղծն առիթ ունեցավ նորից հիշեցնելու իր կորցրած ձեռագրերի մասին, այս անգամ՝ հայկական մամուլի էջերում։ 1915 թ. աշնանը, հրապարակելով «Հին կռիվը» պոեմի առաջին մասը («Տանը»), նա անհրաժեշտ համարեց հասարակությանը ներկայացնել այդ երկի կորստյան պատմությունը՝