հույս տածելով, որ այն դեռ կարող է գտնվել։ Մեջ ենք բերում այդ հրապարակմանը կցված ծանոթագրության լրիվ տեքստը (Հր, 1915, 29 հոկտեմբերի, № 243).
«Առիթից օգտվում եմ մի խնդիր անելու նրանց, որոնք 1910—11 թվականներին իրենցից տարած թղթերը ետ են ստացել Թիֆլիսի ժանդարմական վարչությունից։ Էդ ժամանակ, երբ իմ ձեռագիրներն ու թղթերն էլ ետ վերադարձրին կապոցներով, կապոցների թիվը ճիշտ էր, բայց հինգ կապոցն իմը չէր, շփոթած էին ուրիշի (Կոլմանյանի) թղթերի հետ և ես իսկույն վերադարձրի: Սակայն իմ հինգ կապոց ձեռագիրները, որ, ըստ երևույթին, սխալմամբ տրված են ուրիշին, ինչքան էլ հետևեցի, մինչև օրս չգտա։ Եվ ում մոտ էլ լինեն՝ դժար կիմանա, թե ում ձեռագիրներն են, որովհետև ոչ մեկի վրա անուն-ազգանուն չկա։ Ահա դրանցից մի քանիսը։
Մինը էս պոեմն է. վերնադիրը գրած «Լևոնի կռիվը» և ջնջած։ Հինգ տետրակով հետևյալ հինգ երգերը. 1) Տանը (որ տպվում է «Հորիզոնի» էս №-ում։ Սրա մշակած ձևը։ Էս սևագրությունն է, որ աղջիկս է գտել)։ 2) Ճամփին (որի նախերգանքը՝ «Հայոց լեռներում», տպված է)։ 3) Երկրում (որ 1907 թվին տպված է «Ժամանակ» թերթում և Բաքվում տպած իմ գրքի մեջ)։ 4) Հրդեհը, 5) Ժողովրդի մեջ, և մնացածը խառը նյութեր։
Մյուսը Հազարան բյուլբյուլ հեքիաթ-պոեմի սկիզբն է և միջից մի քանի թղթեր։ Երրորդը մի պոեմ, որ էս տողերով է սկսվում.
|
Եվ այլն։ Եվ ուրիշ նյութեր ու չավարտած ձեռագիրներ։ Խնդրում եմ՝ եթե մեկն ու մեկի մոտ են ընկած էս թղթերը՝ ինձ իմացնի:
Հասցես՝ Тифлис, Вознесеиск. 18, կամ ուղղակի «Հորիզոն»-ի խմբագրություն։
Այս դիմումը նույնպես որևէ հետևանք չունեցավ։ Վերջին անգամ Թումանյանն այդ կորստին անդրադարձել է վերը հիշատակված «Պատանեկության օրերից» հոդվածում, բայց արդեն կորստի անդառնալիության գիտակցությամբ. «Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմները խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագրերով» («Հառաջ», 1919, 26 հունվարի, № 11)։
Այսպիսով, պոեմի հինգ մեծ մասերից մեզ հասել են միայն առաջինը («Տանը») և երրորդը («Երկրում»), իսկ երկրորդ («Ճամփին»), չորրորդ