Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/577

Այս էջը հաստատված է

(«Հրդեհը») և հինգերորդ («Ժողովրդի մեջ») մասերը կորել են (բացառությամբ երկրորդ մասի նախերգանքի)։ Այսուհանդերձ, պահպանված հատվածների և մի քանի վկայությունների հիման վրա կարելի է պատկերացում կազմել պոեմի ամբողջական մտահղացման մասին: Հիմքեր կան ասելու, որ պոեմի երկրորդ տարբերակը, կապված լինելով անցյալ դարավերջին արևմտահայության կրած տառապանքների և նրա ազատագրության համար մղված պայքարի հետ (այդ է ակնարկում նաև «պատմական պոեմ 90-ական թվականներից» ձեռագրային նշումը), պետք է վերածվեր ողջ հայ ժողովրդի պատմական ճակատագրի լայն համադրական պատկերման։ Բովանդակության այդ կարևորագույն կողմը, ըստ հեղինակի մտահղացման, պետք է խտացված գծերով մատնանշվեր պոեմի նախերգանքներում (բոլոր հինգ գլուխներն ունեցել են իրենց առանձին նախերգանքները) և ապա գեղարվեստորեն մարմնավորվեր բուն պատմողական մասերի մեջ:

Մեզ հասած երրորդ գլուխը («Երկրում») ավարտվում է ահով ու սարսափով պատած հայ գյուղում՝ գիշերով երեք զինված հայ մարտիկների երևան գալով։ Պահպանված սևագիր հատվածներից մեկը ցույց է տալիս, որ նախապես Թումանյանը մտադիր է եղել այդ իրավիճակը պատկերել ավելի մանրամասն։ Մյուս՝ սևագիր հատվածը պոեմի չորրորդ մասի («Հրդեհը») յուրօրինակ կոնսպեկտն է: Նրանից երևում է, որ առևանգիչների և հայ զինված երիտասարդների ընդհարումը վերածվում է մեծ արյունահեղության, ծանր վիրավորված Լևոնը սրի և հրդեհի մատնված գյուղի բնակիչներին առաջնորդում է դեպի անառիկ լեռները («Նրա ետևից գնում է ջարդված ժողովուրդը և նրա առաջին արյունլվա դեպի վեր-լեռը»)։

Պոեմի ամբողջական մտահղացման մասին ավելի լրիվ պատկերացում է տալիս Վարդգես Ահարոնյանի շարադրանքը 1919 թ. գրած մի հոդվածում («Ազգային վիշտը Հովհ. Թումանյանի պոեզիայում»), որը նվիրված է բանաստեղծի ծննդյան 50-ամյակին: Քանի որ հոդվածի այդ մասը, անկասկած, գրի է առնվել անմիջականորեն Թումանյանի պատմածի հիման վրա, Վ. Ահարոնյանի շարադրանքը ձեռք է բերում սկզբնաղբյուրի նշանակություն՝ ինչպես պոեմի ճակատագիրը, այնպես էլ, մանավանդ, նրա կորած վերջին մասերի բովանդակությունը պատկերացնելու համար։ Ստորև ամբողջությամբ բերվում է հոդվածի այդ մասը, որը կարող է համարվել անավարտ պոեմի յուրօրինակ լրացում (որոշ կրճատումներով այն օգտագործվել է նաև՝ Ա. Ինճիկյան, էջ 296—297).

«Հին կռիվը» պոեմը, որի մեջ բանաստեղծը երգել է ազատության համար հայերի մղած պայքարը, պետք է դառնար այդ պայքարի լավագույն հուշարձանը, եթե չլիներ մի դժբախտ պատահականություն։ Այդ աշխատանքի մեծ մասը՝ հինգ գլխից երեքը, կորան 1908 թ. (պետք է լինի՝ 1911 թ.—խմբ.) խուզարկության ժամանակ, և հայ գրականության համար պահպանվեց միայն երկու գլուխ՝ առաջինը ու երրորդը, և երկրորդ գլխի մի փոքր հատված՝ «Հայոց լեռներում»...