Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/579

Այս էջը հաստատված է

Ов. Туманяна, «Орион», Литературно-политический ежемесячник, Тифлис, 1919, № 1, с. 72—73).

Պետք է ավելացնել, որ մինչև վերջ էլ Թումանյանը չի հրաժարվել այս պոեմին վերադառնալու և ամբողջացնելու նվիրական մտքից: 1923 թ. հունվարին մահամերձ բանաստեղծն ասել է. «Դեռ 90-ական թվականներին գրում էի «Հին կռիվը», մնաց կիսատ, անմշակ. դեռ կգրեմ, կմշակեմ։ Էնքան արագ եմ անցել, որ նույնիսկ վրա չեմ հասցրել գրել, վերջացնել...» (Ն. Թումանյան, էջ 304)։

Հատուկ քննություն է պահանջում պոեմի կենսական աղբյուրների ու նախատիպերի խնդիրը: Թեև 1919 թ. նշված հոդվածում Թումանյանը հիշատակել է միայն Ստ. Զորյանի (Ռոստոմի) պատմածը «մի տերտերի ու իր աղջկա» մասին, բայց պոեմի գրության ազդակները շատ ավելի լայն են եղել։ Ստեղծագործության կենսական հիմքը, լայն առումով, հայ ազգային-ազատագրական շարժման այն նոր փուլն էր, որ սկսվել էր դարավերջին, ժողովրդի ողբերգական կորուստների և հերոսական դիմադրության փաստերի ծնած հոգեբանական մթնոլորտը։ Ինչ վերաբերում է երրորդ գլխի մեջ պատմված դեպքին (գյուղական քահանայի աղջկա բռնի ամուսնության դրվագը), որը կենտրոնական տեղ է գրավել պոեմի սյուժետային ողջ կառուցվածքի մեջ, ապա այն իրական–պատմական հիմք ունի և ժամանակին լայն արձագանք է գտել հայ և օտարերկրյա մամուլում:

1889—1890 թթ. հայ հասարակությանը մեծ հուզում պատճառեցին Մշո գավառի Խարս գյուղում կատարված դրամատիկ իրադարձությունը և նրան հաջորդած դեպքերը։ Քուրդ ցեղապետ Մուսաբեկը 1889 թ. մարտի 23-ին առևանգում է դեռատի հայուհի Գյուլիզարին՝ ցանկանալով բռնի կնության վերցնել նրան։ Այդ դեպքի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում, գյուղացիների բողոքները Պոլսի հայ պատրիարքարանի միջոցով հասցվում են կառավարությանը և օտարերկրյա դեսպանություններին։ Այդ գործում մեծ դեր է խաղացել ապագա հայտնի գյուղագիր Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ), որը հետագայում դարձավ քուրդ ցեղապետի ձեռքից ազատված Գյուլիզարի ամուսինը։

Միջազգային հասարակական կարծիքի առջև արդարանալու և օրինականության պատրանք ստեղծելու համար թուրքական կառավարությունը համաձայնեց Պոլսում կազմակերպել Մուսաբեկի բաց դատավարությունը: Սակայն սկզբից ևեթ պարզ էր, որ դա թատերական ֆարս է լինելու և ոչ թե լուրջ ու անաչառ հետաքննություն։ Շիրվանզադեն «Արձագանք» շաբաթաթերթում 1889 թ. օգոստոսին գրում էր. «Շատ զարմանալի չի լինիլ, եթե ճարպիկ ավազակապետը գործին կարողանա այն ընթացքը տալ, որ վաղը լսենք, թե Մուսա-բեկը «արդարության» ատյանից դուրս է եկել իբրև մի անմեղ զրպարտված» («Արձագանք», 1889, 13 օգոստոսի, № 31, «Տաճկահայաստանի դեպքերի մասին» առաջնորդողը, ստորագրություն՝ Շ., էջ 463)։ Իրոք, երկու ամիս անց նույն թերթը հաղորդեց, որ «Մուսա-բեկին բոլորովին ներումն է շնորհված, չնայելով, որ նրա հանցավոր լինելը լիովին ապացուցված է» («Արձագանք», 1889, 22 հոկտեմբերի, № 40, էջ 585)։