Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/586

Այս էջը հաստատված է

ՀԱԶԱՐԱՆ ԲԸԼԲՈՒԼ

(Էջ 81, 308)

Այս պոեմի մտահղացումը Թումանյանի ստեղծագործական ծրագրերում առկա է եղել շուրջ երեք տասնամյակ՝ 1890-ական թթ. սկզբից մինչև մահ։ Սակայն այդ մտահղացման վրա առավել լարված աշխատանքի շրջաններն են եղել, նախ, 90-ական թվականների երկրորդ կեսը և ապա՝ 10-ական թվականների առաջին կեսը, երբ Թումանյանը հավաքում և ուսումնասիրում է հեքիաթի մի քանի տասնյակ հայկական և միջազգային տարբերակներ, զգալի աշխատանք է կատարում բուն պոեմը գրելու ուղղությամբ։

Թեև պատանի բանաստեղծը այս ժողովրդական հեքիաթը լսել է դեռ 80-ական թթ. վերջին, բայց նրա ստեղծագործական մշակման մղումը ծագել է այն բանից հետո, երբ 1894 թ. ամռանը Լոռու Վարդաբլուր գյուղում Թումանյանը լսում և գրի է առնում հեքիաթի մի տարբերակ, որը նա մինչև վերջ էլ համարում էր «ամենահինն ու ամենալավը»։ Այդ ժամանակ էլ նա, բացի մի քանի ուրիշ բանավոր պատումների գրառումից, խոշոր աշխատանք է կատարում հայկական հեքիաթի միջազգային զուգահեռները հավաքելու և ուսումնասիրելու, նրա իրական իմաստը բացատրելու համար։ Տասնամյակի վերջում Փ. Վարդազարյանին ուղղած մի նամակում Թումանյանն այդ մասին գրել է.

«Դու գիտես, որ ես մի (իսկապես երկու հեքիաթ միացրած) հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը»—նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա։ Դրանով հետաքրքրվելով գտա, որ շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ գիտնականները մեկնություն են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայց այդ բոլորից հետո ես ոչ միայն չթողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութով—ով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձպես եմ ասելու, և մինչև անգամ հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունը, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել։ Ինչպես