դու գիտես—իմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան» (Եժ V, 158. այդ հատորում տվյալ նամակը համարվում է 1899-ին գրված, բայց, ինչպես հետագայում պարզվել է, այն վերաբերում է 1900-ին,— տե՛ս Ա. Ինճիկյան, էջ 491, 518):
Սակայն հեքիաթի այս ըմբռնումը, ըստ որի այն խորհրդանշում է գեղարվեստի ծագումը, հետագայում խորացավ ու լրացվեց նոր կողմերով: Ի վերջո Թումանյանը հանգեց այն մտքին, որ ժողովրդական հեքիաթի նվիրական իմաստը արվեստի միջոցով մարդու վերածնման և կատարելագործման գաղափարն է, որը և նա պետք է դներ իր ապագա ստեղծագործության հիմքում։ 1904 թ. օգոստոսին նույն հասցեատիրոջը գրած նամակում, անդրադառնալով այն հարցին, թե ինքն ինչպես է հասկանում իր, իբրև արվեստագետի, կոչումը, Թումանյանն ասում էր. «Այդ հարցի պատասխանն է լինելու շատ ընդարձակ չափով «Հազարան բյուլբյուլը» (Եժ V, 276)։ Վերջապես, 1912 թ., ողջունելով Հայոց երաժշտական ընկերության բացումը, նա գրում էր.
«Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում հին խոսքը։ Եվ ահա մի հին զրույց, որ սիրել եմ առանձնապես, էսպես է ասում։
Պատահեց, ասում է, որ մի ժամանակ գազան դարձավ քնքույշ ու բանական մարդը։ Ինչ արին–չարին՝ հնար չեղավ գազանը նորից մարդ դարձնելու։ Վերջը հայտնվեց, որ հնարը միայն երգը-երաժշտությունն է»։
Այսպես, մի քանի խոսքով վերապատմելով «Հազարան բըլբուլի» նվիրական իմաստը, Թումանյանը հեքիաթից անցնում էր ժամանակակից աշխարհին և իր ողջույնի խոսքն ավարտում հետևյալ կոչով. «Թո՛ղ բացվի վարագույրը, թո՛ղ հնչի նրա աստվածային ձայնը, և գազանը մարդ դառնա» (ԵԺ V, 382)։
Թումանյանի բացառիկ նվիրվածությունը «Հազարան բըլբուլի» ստեղծման նպատակին պայմանավորված էր նախ և առաջ ժողովրդական պատումների մեջ իր հայտնաբերած այդ առաջատար գաղափարն ըստ ամենայնի խորացնելու և տարածելու ցանկությամբ։ Նա այդ գաղափարին հասարակական և գեղագիտական բացառիկ նշանակություն էր տալիս մարդկության պատմական ճակատագրի մեջ։
Թումանյանի ներշնչմամբ՝ «Հազարան բըլբուլի» մոտիվները զգալի տեղ են գրավել «Վերնատուն» գրական խմբակի զրույցների և նրա անդամների ստեղծագործական որոնումների մեջ: Այդ մասին նա ասել է. «Մի Ժամանակ մեր Վերնատունը շատ էր զբաղվում «Հազարան բըլբուլով. մեծ տրամադրություն կար և մեծ ազդեցություն արավ վերնականների վրա։ Դերենիկի «Կյանքի տեսիլը», Շանթի «Հին աստվածները» ազդեցություններ են «Հազարան բըլբուլից» (Ն. Թումանյան, 218)։
Պոեմի առաջին հատվածը, որ Թումանյանը գրել է 1898 թ., Շուլավերում, եղել է «Երգչի վիշտը» գլուխը (տե՛ս նույն տեղում), որին հետևել են ըստ սյուժետային ընթացքի նրան նախորդող և հաջորդող մի շարք ուրիշ հատվածներ: Դժբախտաբար, դրանք մեծ մասամբ մնացել են սևագիր և անավարտ վիճակում։ Միայն 1910-ական թթ., երբ բավական մեծ