Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/589

Այս էջը հաստատված է

առավել հաճախ կրկնվող մոտիվներից մեկն է եղել բանաստեղծի զրույցներում։ Ստորև բերվում են նրա բնութագրումներից մի երկուսը, որոնք օգնում են ավելի լրիվ պատկերացնելու անավարտ ստեղծագործության իմաստն ու սահմանները։

1919 թ. փետրվարի 15-ին. «Ի՜նչ եմ գրել մինչև հիմա. մի քանի տող բան, էն էլ ձեռա՛ց, ոտի վրա կամ հիվանդ ժամանակս... կացեք մի սարքվեմ, նստեմ պարապեմ, «Հազարան բըլբուլս» գրեմ, տեսեք թե ի՜նչ է լինելու... ի՜նչ «Անուշ», ի՜նչ բան—էնպես մի բան եմ տալու, որ մեր նկարիչները, երաժիշտները գնա՛ն ու գնա՛ն ինչքան նյութ ուզենան՝ թող առնեն...» (Ն. Թումանյան, 159—190):

1919 թ. օգոստոսի 14-ին. «Բայց շա՛տ հոյակապ, շքեղ ու գեղեցիկ բան է մեր «Հազարան բըլբուլը»։ Եվ եթե մեր «Հազարան բըլբուլը» համեմատենք արևմտյան «Կապույտ թռչունի» հետ, հսկայական տարբերություն կա։ Արևելյանը խոշոր առավելություն ունի՝ սանձարձակ ֆանտազիա՛, էկզոտիկ բնավորությո՛ւն, խորությո՛ւն, նրբությո՛ւն. շատ քչերն ունեն էս տեսակ բան։ Կատարյալ հեքիաթ է։ Միայն հունական միֆոլոգիան թերևս ունի էս հարստությունը» (ն. տ., 213)։

Իր ապագա մեծ ստեղծագործությունը համեմատելով «մի գեղեցիկ մեծ պալատի» հետ, որի համար ինքը տարիների համառ աշխատանքով հավաքել է «ամեն տեսակի ու գույնի անգին քարեր՝ գոհար, զմրուխտ, լալ», Թումանյանը, բնականաբար, հատուկ ցավով էր խոսում նրա անավարտ մնալու մասին։ Ահա երկու արտահայտություն մահամերձ Թումանյանի խոսքերից.

1922 թ. նոյեմբերի 8-ին. «Ափսո՜ս իմ «Հազարան բըլբուլ». ինձ չորս ամիս է հարկավոր, չո՛րս ամիս հանգիստ թողնեն, չխանգարեն, և իմ «Հազարան բըլբուլը» կգրեմ» (ն. տ. 286)։

1923 թ. հունվարի 13-ին. «Ա՜խ, երանի «Հազարան բըլբուլս» գրած լինեի... ի՜նչ լավ կլիներ...» (ն. տ., 298):

Պետք է ավելացնել, որ Թումանյանի «Հազարան բըլբուլի» ավարտման բացառիկ կարևորությունը գիտակցել են նաև հայ գրականության ուրիշ խոշորագույն դեմքեր։ Դեռ 1902 թ. մի նամակում Ավ. Իսահակյանը կեսկատակ խորհուրդ էր տալիս ավագ ընկերոջը. «Վերջացրու «Հազարան բըլբուլդ»,— ահա մեծ գործ. շո՛ւտ արա, թե չէ կմեռնես, կմնա, ափսոս է» (ԴԹ, 1933, № 6)։ Իսկ մոտ կես դար անց նա իր հուշերում Թումանյանի մասին ասել է. «Ուզում էր գրել «Հազարան բըլբուլ», ուր պետք է զեղեր իր էությունը։ Արևելքի «Ֆաուստը» պետք է լիներ դա» (ԹԺՀ, 20)։ Ե. Չարենցը 1923 թ. հունվարի 1-ին հիվանդ բանաստեղծին հղած նամակում այսպիսի տողեր է գրել. «Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բըլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը» (Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, 1967, էջ 397)։