Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/591

Այս էջը հաստատված է

էջ 414—424)։ Բնագրի մեջ, ինքնագրերի հիման վրա, մտցվել են մի շարք ճշտումներ և լրացումներ, իսկ ամբողջ պոեմը կազմողների կողմից բաժանվել է 9 մասի, ընդ որում առաջին անգամ այստեղ հրապարակվեց 9-րդ գլուխը, որը նախկին հրատարակությունների մեջ բացակայում էր։ Պոեմի ավարտուն մասերը՝ «Երգչի վիշտը», «Արեգը սև աշխարհքում», գրավեցին այս շարահյուսված բնագրի 5-րդ և 7-րդ գլուխները։

Հետագայում պոեմի այդ «համահավաք տեքստը» տպագրվել է միայն մեկ անգամ՝ Թումանյանի Երկերի քառահատոր հրատարակության մեջ (հ. 4, 1969, էջ 197—213):

Ներկա հրատարակության մեջ պահպանվել է պոեմի մասերի միահյուսման և մատուցման հիշյալ սկզբունքը, որն ավելի քան կեսդարյա պատմություն ունի և ավանդույթի ուժ է ստացել: Սակայն տեքստը պատրաստելիս նորից մանրակրկիտ քննության են ենթարկվել պահպանված բոլոր ինքնագրերը, և նրանց հիման վրա մտցվել են բազմաթիվ ճշտումներ, իսկ տարբերակների ծավալը ավելի քան կրկնապատկվել է։ Փոփոխություններից ամենից կարևորը հետևյալն է։

Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության կազմողները երբեմն գնացել են մոնտաժման, այսինքն՝ տարբեր ինքնագրերից իբրև լավագույն դիտված հատվածը, տողը կամ բառն ընտրելու և միացնելու ճանապարհով։ Այդպիսի մոտեցումը սուբյեկտիվ բնույթ ունի և բնագրագիտության ժամանակակից չափանիշների տեսանկյունից ընդունելի չէ։ Ուստի ներկա հրատարակության բնագրի համար հիմք է ընդունվել միայն մեկ ինքնագիր, իսկ նրա մեջ եղած այլընթերցումները, ինչպես նաև մյուս ինքնագրերի տվյալները բերվում են բնագրային տարբերությունների բաժնում։ Այդ է պատճառը, որ նախորդ հրատարակության հիմնական բնագրի մեջ եղած որոշ տողեր և բառեր ընթերցողն այժմ կգտնի տարբերակների բաժնում, և ընդհակառակը։ Այլ ինքնագրերից քաղված որոշ հատվածներ (հատկապես առաջին գլուխներում) հանվել են հիմնական բնագրից ու տեղադրվել տարբերակների մեջ։ Այդ տեղափոխումների, ինչպես նաև բազմակետերով տողերի որոշ կրճատման պատճառով տողերի ընդհանուր քանակությունը պակասել է 27-ով (նախորդ հրատարակության 600-ի փոխարեն՝ 573)։

Պոեմի նախորդ և ներկա հրատարակությունների տարբերության մյուս պատճառն այն է, որ այս հատորի կազմողները խստորեն պահպանել են հետևյալ սկզբունքը. եթե տվյալ տողի կամ բառի համար բանաստեղծը նշել է նոր տարբերակ, բայց նախորդը չի ջնջել, հիմք է ընդունվում սկզբնական խմբագրությունը և ոչ թե նորը (ինչպես սովորաբար վարվել են նախորդ հրատարակության մեջ)։

«Հազարան բըլբուլի» սևագիր հատվածների, ինչպես նաև «Երգչի վիշտը» գլխի նախնական տարբերակի ինքնագրերը պահվում են ԳԱԹ, ԹՖ, № 10ա, 10բ, որոնց հիման վրա կազմվել են պոեմի բնագիրն ու տեքստային տարբերությունները: Տպագրված գլուխների համար հիմք են ծառայել ՆՀ ե Հսկ տեքստերը (բացառությամբ «Երգչի վիշտը» գլխի առաջին