Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/595

Այս էջը հաստատված է

մշակման ընթացքում որոշ ոտանավոր հատվածներ վերածել արձակ շարադրանքի։

Իր բնույթով հեքիաթի արձակ-երգախառն մշակմանը շատ մոտ է մի ուրիշ սևագիր շարադրանք, որն սկսվում է հիմնական բնագրից ծանոթ չափածո տողերով («Չըքնաղ անունով քո Լույս աղջըկա...») և ապա անցնում է արձակի՝ շարունակելով դեպքերի ընթացքը, մինչև Հազարան բլբուլին Դևի թագավորությունից փախցնելը։ Այդ հատվածի ինքնագիրը (երեք մեծադիր էջի վրա) նախնական, անմշակ բնույթ ունի, պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 ա, պոեմի չափածո հատվածների շարքում: Տպագրվում է առաջին անգամ, ինքնագրից՝ բնագրի պատրաստման այն սկզբունքներով, որոնք կիրառվել են հեքիաթի արձակ-երգախառն տարբերակի պատրաստման ժամանակ։

Այս հատվածը գրվել է ավելի վաղ, հավանաբար՝ 1890-ական թթ. վերջին կամ դարասկզբին։ Դրա օգտին է խոսում նաև այն փաստը, որ այս շարադրանքի մեջ գլխավոր հերոսի անունը ոչ թե Արեգ է, այլ Շնորհք, այնպես, ինչպես եղել է դարավերջին Թումանյանի գրի առած հեքիաթի մի քանի տարբերակների մեջ (տե՛ս ՈՒՀ—3, 150—184, 212—224 էջերում զետեղված պատումները, որոնք տպագրվում են նաև սույն հատորում, № 1—4 պատումներ)։


Դրամատիկական հատվածներ. Ձգտելով գտնել հեքիաթի բովանդակության լայն տարածման բազմազան եղանակներ, Թումանյանը, բացի պոեմից և արձակ վերապատմությունից, փորձել է «Հազարան բըլբուլի» նյութը մշակել նաև դրամատիկական ձևով։ Սակայն, ինչպես դրամատուրգիայի ասպարեզում բանաստեղծի մյուս ծրագրերը, այս մտահղացումը ևս մնացել է անավարտ, մեզ հասել են միայն սևագիր մի քանի հատվածներ (գրված թանաքով և մատիտով՝ ընդամենը 12 էջ. ԳԱԹ, ԹՖ, № 10 դ)։ Այդ հատվածներն առաջին անգամ տպագրվել են՝ ԵԺ III, էջ 395—396, 454—456։ Ինչպես նշված է ծանոթագրության մեջ, «տեխնիկական պատճառներով» դրանք տեղադրվել են հատորի տարբեր բաժիններում։

Սույն հատորում այդ էջերն ի մի են հավաքվել մեկ ընդհանուր՝ «Դրամատիկական հատվածներ» խմբագրական վերնագրի տակ (ձեռագրերը վերնագիր չունեն)։ Հրապարակումը կազմված է երկու մասից։

Առաջին մասը (ինքնագիրը ութ էջի վրա) հեղինակի կողմից բաժանված է երեք տեսիլի և ընդգրկում է հեքիաթի սկզբնական դրվագները՝ ծարաված ճամփորդի անեծքով Անթառամ այգու չորանալու և մարդկանց գազան դառնալու պատմությունը։ Երկրորդ մասը (ինքնագիրը չորս էջի վրա) ներկայացնում է սյուժեի զարգացման հետագա օղակներից մեկը, ուր Հազարան բլբուլը որոնելու դուրս եկած Արեգը կանգնած է միայնակ, բնության խորհրդավոր ուժերին դեմ հանդիման։ Բացի Արեգի անվան հիշատակությունից և երկու տողից («Ո՜վ, որ գալիս ես բազմած ամպերին, Ո՜վ, որ փայլում ես մաքրությամբ վերին»), որոնք կան նաև պոեմի 4-րդ