Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/596

Այս էջը հաստատված է

գլխում (186—187 տողեր), այս հատվածում ուրիշ ոչինչ չկա, որ ուղղակի հիշեցնի հեքիաթի թումանյանական մյուս մշակումները։

Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության ծանոթագրությունների մեջ այս հատվածներից առաջինի գրության ժամանակը համարվել է 1910-ական թվականները, իսկ երկրորդի մասին ասվում է. «Գրելու տարեթիվն անհայտ է, հավանորեն գրել է 1910-ական թվականներին» (ԵԺ III, 527, 531)։ Իրոք, առաջին հատվածի բովանդակությունն ու ինքնագրի տվյալները ցույց են տալիս, որ այն գրված պետք է լինի 10-ական թթ. սկզբին, երբ որոշ ընդմիջումից հետո Թումանյանը նորից նվիրվեց «Հազարան բըլբուլի» ստեղծման գործին։ Իսկ երկրորդ հատվածը, թեև այն սյուժետային ընթացքով հաջորդում է առաջինին, հավանաբար, ավելի վաղ ծագում ունի։ Այս ենթադրության օգտին է խոսում նաև այն, որ որոշակի ընդհանրություններ կան այդ հատվածի պայմանական ֆանտաստիկ պատկերների և դեռ 1890-ական թթ. Բայրոնի «Մանֆրեդ» չափածո դրամայից Թումանյանի կատարած սևագիր թարգմանության միջև (տե՛ս այս հատորի սևագիր թարգմանությունների բաժինը):


Հեքիաթի ժողովրդական պատումների գրառումներ. «Հազարան բըլբուլ» պոեմը գրելու համար բանաստեղծը քառորդ դարի ընթացքում հավաքել է բազմաթիվ ու բազմազան նյութեր, և այդ իմաստով նրա հետ չի կարող համեմատվել Թումանյանի ոչ մի ուրիշ ստեղծագործություն։ Հավաքված նյութերի թվում կան հեքիաթի հայկական և միջազգային տարբերակներ, գեղարվեստական մշակումներ, ստեղծագործության իմաստի գիտական մեկնաբանություններ։ Մեծ թիվ են կազմում ժողովրդական հեքիաթի պատումների գրառումները՝ կատարված Թումանյանի և ուրիշ բանահավաքների ձեռքով կամ քաղված հայերեն և ռուսերեն բանահյուսական-ազգագրական ժողովածուներից։ 1922 թ. հուլիսին Պ. Մակինցյանին ուղղած նամակում բանաստեղծը հայտնում էր. «Եվ այժմ եթե ասում եմ «Հազարան բըլբուլը» կտամ, որովհետև հավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները» (ԵԺ V, 472)։ Պոեմի համար հավաքած նյութերի ցանկը, որ կազմել է Թումանյանը, պարունակում է հայերեն և ռուսերեն 58 անուն (տե՛ս ցուցակի հրապարակումը սույն հատորում), թեև լիովին չի սպառում բանաստեղծի տեսադաշտում եղած բոլոր տարբերակները։

Այս հեքիաթի պատումների գրառման մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել։ Մի շարք դեպքերում բանաստեղծն ինքը նշել է, թե ումի՛ց և որտե՛ղ է գրի առել տվյալ տարբերակը։ Ըստ Օլգա Թումանյանի հուշերի՝ երիտասարդ գրողն այդ հեքիաթով հետաքրքրվել ու գրառումներ է կատարել դեռ 80-ական թթ. վերջին (ԹԺՀ, 333)։ Թումանյանի վրա հատկապես խոր տպավորություն է թողել Լոռու Վարդաբլուր գյուղում 1894 թ. ամռանը մի ծերունուց գրի առած տարբերակը (տե՛ս այդ մասին ԹԺՀ, 337, Ն. Թումանյան, 186)։ Զրույցներում որոշ տվյալներ կան նաև հեքիաթի