Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/598

Այս էջը հաստատված է

(փակագծերում՝ նաև առաջին բառերը), ցույց են տրվում նրանց բովանդակության և գրառման յուրահատկությունները։

1. Հազարան բյուլբյուլ («Ժամանակով ապրում էր մի թագավոր, ուներ երեք որդի»...)։— Գրի է առել Լոռու Վարդաբլուր գյուղում։ Ասացողի անունն անհայտ է (ըստ երևույթին, երիտասարդ բանաստեղծը անփորձությունից չի նշել նրա անունը, իսկ հետո մոռացել է)։ Նվարդ Թումանյանի արձանագրած զրույցներում (էջ 186) գրառման ժամանակը համարվում է 1895 թ. գարունը՝ Ջալալօղլուց ֆուրգոնով Դսեղ գնալու ճանապարհին։ Բանաստեղծն այդ մասին պատմել է. «Եկանք հասանք Վարդաբլուր, գիշերը մնացինք էդտեղ։ Էդ իրիգու մի ծեր գյուղացի ներս եկավ մեզ մոտ, դրան հեքիաթներ պատմել տվի։ Նրա պատմածներից ինձ ամենից շատ դուր եկավ «Հազարան բըլբուլը», որ ոգևորված և մեծ տրամադրությամբ էդ գիշերը իսկույն գրեցի» (Ն. Թումանյան, 186)։ Վարդաբլուրում գրի առած պատումը Թումանյանը համարել է իր հավաքած տարբերակներից «ամենահինը և ամենալավը»։ Սակայն ժամանակի առումով ավելի հավաստի պետք է համարել Օլգա Թումանյանի վկայությունը, որն այդ դեպքը կապում է 1894 թ. ամռան հետ (ԹԺՀ, 337):

Պետք է նկատի ունենալ, որ այս, ինչպես նաև հաջորդ երեք պատումները ոչ թե հեքիաթի նախնական գրառումներն են, այլ նրանց զգալիորեն բարելավված տարբերակները, որոնք կրում են որոշակի գրական մշակման և անհատական ստեղծագործության կնիքը։ Դա երևում է ոճից և տեքստի վրա կատարած մեծ աշխատանքից, ինչպես նաև չափածո հատվածների (թեև դեռ անմշակ) առկայությունից, որոնց մեջ երևան են գալիս ապագա պոեմի մի շարք տողեր՝ իրենց նախնական ձևով։ Բացի այդ, այս և հաջորդ շարադրանքների մեջ փակագծերում մի քանի անգամ հղումներ կան համանման հեքիաթի ռուսական տարբերակների և հայկական այլ պատումների մասին (տե՛ս նրանց հրապարակումները ՈՒՀ—3)։ Դա վկայում է, որ ձեռագրի վրա աշխատելիս Թումանյանը դուրս է եկել նախնական գրառման սահմաններից, օգտվել է նաև ուրիշ աղբյուրներից։

Հեքիաթի տվյալ շարադրանքր կատարվել է 1897 թ. (այդ է ցույց տալիս գրառման վերնագրի տակ եղած նշումը՝ «Իմ խոսքերով—97 թվին», որի տակ կարմիր մատիտով նշվում է նաև նախնական գրառման թվականը՝ <9>4)։

Աոաջին անգամ՝ ՈՒՀ—3, 142—150:

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 ե, որի հիման վրա հրապարակման մեջ մտցվել են որոշ լրացումներ և ճշտումներ։

Բոլոր հիմքերը կան ասելու, որ 1894 թ. Վարդաբլուրում գրի առած և 1897-ին գրական որոշ մշակման ենթարկված տարբերակն ընդգրկում է ոչ միայն այս, այլև հաջորդ երեք պատումները, որոնք միասին պետք է կազմեին ապագա մեծ ստեղծագործության հիմքը։ Դա երևում է այս պատումների թղթի, գրության, ինչպես նաև ոճի և շարադրանքի ընդհանուր գծերից։ Այդ ենթադրության օգտին է խոսում նաև այն փաստը, որ Թումանյանի