ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ՎԻՊԵՐԳԵՐ
ԱՔԻԼԼԵՍ
(Էջ 109, 475)
Առաջին անգամ՝ ԲՄ II, էջ 119—129, վերնագրի տակ «Ժուկովսկուց» նշումով և տողատակի ծանոթագրություններով։ Պետք է ենթադրել, որ թարգմանությունը կատարվել է 1891 թ. և անմիջապես մտցվել Թումանյանի բանաստեղծությունների նոր հատորի մեջ (գրաքննական արտոնությունը տրված է Ս. Պետերբուրգում, 1892 թ. մայիսի 7-ին)։ Թարգմանության այդ տարբերակի ինքնագիրը չի պահպանվել:
Տաս տարի անց թարգմանությունը զետեղվել է ԲԹ ժողովածուի մեջ (էջ 248—254, առանց Ժուկովսկու անվան հիշատակության)։ Այս հրատարակության համար Թումանյանը էական փոփոխություններ է մտցրել, որոնք ցույց են տրվում տարբերակների բաժնում։ Բացի ոճական բազմաթիվ շտկումներից, նա զգալի չափով կրճատել է ստեղծագործությունը: Ժուկովսկու բալլադի, ինչպես նաև թարգմանության առաջին տարբերակի 208 տողի փոխարեն թողնելով 160 տող (կրճատված են ԲՄ II տեքստի 19—26, 49—72, 121—136 տողերը)։
Պահպանվել է թարգմանության այս երկրորդ տարբերակի ինքնագիրը (ԳԱԹ ԹՖ, № 158)։ Դա, ամենայն հավանականությամբ, այն ձեռագիրն է, որից կատարվել է ԲԹ ժողովածուի տպարանային շարվածքը։ Ինքնագիրը վերնագրի տակ ունի «ռուսերենից» նշումը և համարակալված է 210—216 (պետք է ենթադրել, որ ԲԹ ժողովածուի համարակալված էջերն են դրանք), բայց 214—215 էջերը չկան։ Այսպիսով, մեզ հասել են բալլադի թարգմանության վերամշակված տարբերակի 1—92, 141—160 տողերը, որոնք, կետադրական և ոճական մի քանի ոչ մեծ շեղումներից բացի, լիովին համընկնում են ԲԹ բնագրին։
Երրորդ և վերջին անգամ Թումանյանն այս թարգմանությանը անդրադարձավ ԲԲ ժողովածուն կազմելիս՝ մտցնելով, ճիշտ է, համեմատաբար ոչ մեծ ուղղումներ։ ԲԲ մեջ (էջ 236—241) թարգմանության վերնագրի տակ, փակագծերում, կա դարձյալ «Ժուկովսկուց» նշումը։ Թումանյանի կենդանության ժամանակ «Աքիլլեսը» վերջին անգամ տպագրվել է 1922 թ. Սուրխաթյանի կազմած ԳԳ քրեստոմատիայում (էջ 167—169), որի համար, սակայն, հիմք է ծառայել ոչ թե վերջին՝ ԲԲ, այլ ԲԹ-ի խմբագրությունը մի քանի փոքրիկ շեղումներով։
Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության մեջ (ԵԺ II, 175—179) «Աքիլլեսը» մտել է ԲԲ տարբերակով։ Ներկա հրատարակության