Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/607

Այս էջը հաստատված է

համար ևս հիմք է ընդունվել այդ խմբագրությունը, իբրև հեղինակի կողմից վերանայված վերջին տարբերակ։ Մյուս հրատարակությունների բոլոր այլընթերցումներն ու կրճատված տողերը բերվում են տարբերակների բաժնում։

«Աքիլլես» բալլադի թարգմանությունը դասական ռոմանտիկական պոեզիայի նկատմամբ բուռն հետաքրքրության արտահայտություններից է, որ 1890-ական թթ. որոշակիորեն նկատվում է Թումանյանի ստեղծագործական կենսագրության մեշ։ Բայրոնի «Շիլիոնի կալանավորի» և Լերմոնտովի «Մծիրիի» թարգմանությունից առաջ նա դիմեց ռուսական ռոմանտիզմի առաջին խոշորագույն ներկայացուցչին՝ Վ. Ա. Ժուկովսկուն (1783—1852): Ի տարբերություն Ժուկովսկու բալլադների մեծ մասի, որոնք արևմտաեվրոպական բանաստեղծներից կատարված ազատ կամ ճշգրիտ թարգմանություններ են, «Աքիլլեսը» նրա ինքնուրույն գործերից է, որի մեջ անտիկ գրականությունից քաղված հայտնի սյուժեն իմաստավորված է ռոմանտիկ-սենտիմենտալ դիրքերից: Բալլադը գրվել է 1812—1814 թթ. և առաջին անգամ տպագրվել 1815 թ. «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում։ Դրանից մոտ երեք տասնամյակ անց, Պուշկինին նվիրված հոդվածաշարի 2-րդ մասում (1843), Վ. Գ. Բելինսկին տվեց «Աքիլլեսի» սեղմ, բայց ամբողջական գնահատականը։ Նշելով Ժուկովսկու բալլադում ռոմանտիզմի ազդեցությունից եկող այնպիսի գծեր, ինչպես «հունական հայեցողության մեջ մտցված» սուբյեկտիվ տարրերը, «ավելի ձգձգված, քան սեղմված» լինելը, քննադատը միաժամանակ ասում էր. «Նրա մեջ կան հիանալի տեղեր», «և ընդհանրապես Ժուկովսկու «Աքիլլեսը» նրա նշանավոր երկերից մեկն է» (В. Г. Белинский, Полное собрание сочинений, т. VII, 1955, с. 206—207).

Երիտասարդ Թումանյանի գեղարվեստական որոնումների մեջ որոշակիորեն զգացվում է նաև անտիկ աշխարհի պատմությունն ու մշակույթը ճանաչելու ձգտումը, որի ցայտուն դրսևորումներից մեկն էլ եղավ Ժուկովսկու բալլադի թարգմանությունը։ Նշենք, որ անտիկ դիցաբանության իմացությունը երևում է նաև «Անուշի», «Պոետն ու Մուսայի» առաջին տարբերակներում, հետագա շրջանի որոշ հոդվածների, կախարդական հեքիաթների նախապատրաստական նյութերի մեջ։

Թումանյանը ձգտել է պահպանել բնագրի տաղաչափական կառուցվածքի հիմնական գծերը՝ ութտողանի տներ, բոլոր կենտ տողերը կազմված ութ, իսկ զույգ տողերը՝ յոթ վանկից։ Սակայն կա մի սկզբունքային տարբերություն։ Ժուկովսկու բալլադը գրված է կանոնավոր քորեյական տողերով, մեկընդմեջ իգական և արական հանգերի կայուն հաջորդականությամբ: Այնինչ Թումանյանը, ելնելով մեր ազգային լեզվի բնույթից, թարգմանել է հայկական վանկային ոտանավորով՝ տողերի ներսում, 4-րդ վանկից հետո ամենուր դնելով հատած և առաջացնելով դադար։ Իգական և բացարձակորեն գերակշռող արական հանգերի հաջորդափոխությունն էլ որևէ կայուն սկզբունքի չի ենթարկվում։

ԲՄ II-ում, ինչպես ասվեց, բալլադն ունի տողատակի մի քանի ծանոթագրություն,